Մատչելիության հղումներ

Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը կալանավորվեցին


Գառնիկ Մարգարյանին դատարանի շենքից ուղեկցում են մեկուսարան, 16-ը հունվարի, 2016թ․
Գառնիկ Մարգարյանին դատարանի շենքից ուղեկցում են մեկուսարան, 16-ը հունվարի, 2016թ․

Մարգարյանի փաստաբանը լրագրողներին փոխանցեց իր պաշտպանյալի խոսքերը՝ իշխանություններն այսպիսով «քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ՝ ընդդիմադիր հայացքների համար»։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ այսօր երկու ամսով կալանավորվեցին Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

Ըստ ԱԱԾ-ի, նրանք երկուսն էլ մեղադրվում են «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու» մեջ։ Թե՛ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, թե՛ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը հերքում են իրենց առնչությունը զինված խմբավորմանը: Այս մասին այսօր դատարանի բակում հայտարարեցին կալանվածների պաշտպանները։

72-ամյա Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողներին փոխանցեց Մարգարյանի հետևյալ խոսքերը՝ իշխանություններն այս քայլին գնալով «քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ՝ ընդդիմադիր հայացքների համար»։ «1995-ին հետապնդում է եղել, 2004-ին եղել է, 2008-ին եղել է և այդպես շարունակ, այնքան ժամանակ, մինչև ․․․»:

Շինծու համարելով ոստիկանության համակարգում երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած՝ պահեստազորի գնդապետին առաջադրված մեղադրանքը, փաստաբան Արսենյանը նաև նշեց, որ դատարանը չի ընդունել Մարգարյանին գրավով ազատ արձակելու՝ իրենց առաջարկը:

Փաստաբանը հավելեց, որ Գառնիկ Մարգարյանը մի քանի անգամ հանդիպել է Նորքի զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանին, ում հետ զրուցել է «Քեսաբ գնալու հետ կապված հարցերի շուրջ»։ Ըստ պաշտպանի, Մարգարյանն անգամ Վարդանյանին հորդորել է այդ մասին տեղյակ պահել պետական մարմիններին։ Արսենյանն ու Մարգարյանի հարազատները տարակուսած հարց են տալիս՝ նրանք, ովքեր հանդիպել են Արթուր Վարդանյանին, առնչությո՞ւն ունեն զինված խմբի ձևավորման հետ:

«Արթուր Վարդանյանը նման հավաստիք է տվել, որ, այնուամենայնիվ, նախարարների է հանդիպել: Հիմա, այս տրամաբանությամբ, եթե Արթուր Վարդանյանը հանկարծ ասի՝ ես այս նախարարին հանդիպել եմ, դրանց ինչո՞ւ չեն բերում ԱԱԾ: Ձևական տրամաբանությամբ ստացվում է, որ եթե մարդը այլախոհ է, քաղաքական դաշտում երևացող անձնավորություն, ընդդիմադիր, պետք է այսպե՞ս գնահատվի»,- շարունակեց Հովիկ Արսենյանը։

Դատարանի բակում հավաքվել էին Մարգարյանի հարազատներն ու ընկերները։ «Հայաստանի մտավորականների ֆորում»-ի համակարգող Ազատ Սարգսյանն ասաց՝ չնայած Արթուր Վարդանյանի հետ մի քանի հանդիպումներին, իր ընկերը չէր կարող մաս կազմել ահաբեկչական գործողություններ նախաձեռնող խմբին: Ազատ Սարգսյանը Մարգարյանին ձերբակալությունից մեկ օր առաջ էր հանդիպել: «Ահաբեկչության հետ կապված հարցե՞ր քննարկեինք, չկա նման բան...»:

Մարգարյանի հետ նույն գործի շրջանակներում կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի ընտանիքի անդամների համար էլ կալանքի մասին որոշումը անսպասելի էր, նրա դստեր ինքնազգացողությունը վատացավ։

Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը փոխանցեց, որ դատարանը նրա հետ կապված ևս մերժեց գրավով ազատ արձակելու մասին առաջարկը։ Ալվանդյանը նույնպես անհիմն է համարում կալանքի մասին որոշումը: «Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի»,- ասաց պաշտպանն ու հավելեց. - «Անթույլատրելի են ճանաչել մեր միջնորդությունը։ Առողջական վիճակը վատ էր, 4 ամիս է պառկած է այդ մարդը, դեղերով փորձում է մեղմել վիճակը։ 4 ամիս պառկած մարդը ի՞նչ խնդիրներ չի ունենա՝ ամեն ինչ էլ ունի, ձեռքիս տակ թղթեր չկան, որ մանրամասն ասեմ»:

Դատարանի բակում հավաքված ազատամարտիկները, քննադատելով իրենց մարտական ընկերոջ կալանավորումը, մեկ անգամ ևս պնդեցին՝ իշխանությունն այսպիսով փորձում է մեկուսացնել պայքարող ազատամարտիկներին: Խաչատուր Խաչատրյանը հիշեցրեց խարդախության համար դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին։ «Հավատացե՛ք, ես՝ որպես ազատամարտիկ, անկեղծորեն կբացառեմ, որ որևէ ազատամարտիկ հանկարծ կարողանա զենք վերցնել իր ազգի դեմ»,- ասաց Խաչատրյանը:

Վլադիմիր Առաքելյանի պաշտպանը կբողոքարկի կալանավորման մասին որոշումը, իսկ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ ոչ, քանի որ «դատարանների անկախությանը չի հավատում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG