Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ, գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որն ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար, այսօր հայտարարել է Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, հիշեցնենք, քրեակատարողական հիմնարկում հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել առանձին խուց, «քանի որ քրեական տարրերի հետ նույն խցում գտնվելը լրջորեն սպառնում է իր կյանքին ու առողջությանը»։
Արմենակ Կյուրեղյանն իր հայտարարությունում նշել է, որ իշխանություները իրավիճակը մոտեցնում են մի կետի, որը «այլևս դառնում է բացարձակ անհանդուրժելի»։ «Վերջին օրերին գերության մեջ, հատկապես Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի կյանքը ծայրահեղ ծանր դարձնելով, այս իշխանություները փորձում են ահաբեկել յուրաքանչյուր ազատ միտք ունեցող և հանուն հայրենիքի, պետության և արժանապատվության ընդվզող քաղաքացուն», - ասված է հայտարարությունում»: