Ոստիկանի դեմ բռնություն կատարելու մեղադրանքով կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կյանքը կալանավայրում գտնվում է լրջագույն վտանգի տակ, «Ազատությանը» ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ պնդելով՝ «կյանքի ու մահվան հարց է»։
«Գևորգի ասելով՝ երբեք այսքան լուրջ չի եղել սպառնալիքը, որքան այսօր»,- ահազանգեց Հայրապետյանը։
Փաստաբանն ասաց, որ Սաֆարյանի փոխանցմամբ՝ իրենց խուց են եկել կալանավայրի աշխատակիցներն ու ասել, որ բոլորին տարբեր խցեր են տեղափոխում։ Ակտիվիստին տեղափոխել են մի խուց, որն, ըստ նրա, գտնվում է քրեական տարրերի ազդեցության ներքո։
«Գևորգի համար և Գևորգի բառերով՝ դա հավասարազոր է կա՛մ ինքնասպանության, կա՛մ ինչ-որ բռնություն էր լինելու, ինքը ինքնապաշտպանվի, կա՛մ բռնություններն այնքան խիստ կարող են լինել, որ ինքն իրեն վնաս տա։ Մանրամասն հիմնավորել է, թե ինչու է իր կյանքին վտանգ սպառնում, ինչու են հանցագործ աշխարհի մարդիկ իրեն ընդունում որպես ոստիկան և ինչու իրեն չեն թույլատրում [մնալ] իրենց հետ նույն խցում»,- ասաց Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով, վերջին շաբաթվա ընթացքում Սաֆարյանին 7-8 խուց են տեղափոխել։ «Նոր Հայաստան» քաղաքական շարժումն օրերս բարձրաձայնել էր, որ փորձ է արվում քրեական տարրերի միջոցով ճնշել Սաֆարյանին։ Ակտիվիստը արդեն մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, որպեսզի իրեն առանձին խուց տեղափոխեն։ Սակայն մեկուսարանի պետին հանդիպելուց հետո փաստաբան Հայրապետյանն ասում է, որ այս հնարավորությունն էլ արդեն չկա։
«Ինքը ասաց, որ «ես խուց չունեմ», ես հասկացա, որ անգամ հացադուլ հայտարարած ժամանակ իրեն միևնույն է տեղափոխելու են 51-րդ խուց»,- ասաց փաստաբանը։
Ստեղծված վիճակը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից չմեկնաբանեցին։