Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը, ըստ հարազատների, ծայրահեղ ծանր է։
«Այսօր արդեն երրորդ օրն է ինքը ջրադուլի մեջ ա: Հուսադրող չէր առողջական վիճակը, կարելի է ասել՝ ծայրահեղ: Ես այդպես եմ գնահատում հյուծվածության աստիճանը և ընդհանրապես իր վիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Արմենակ Կյուրեղյանի խոսքով, որդին այս ծարյահեղ քայլերին դիմել է, քանի որ քրեական տարրերի հետ նույն խցում գտնվելը լրջորեն սպառնում է նրա կյանքին ու առողջությանը․ - «Ստեղ արդեն ուրիշ մոտեցումներ են սկսվել, որը հնարավոր չէ պարզել, ճշտել: Եվ այդ բոլորից պաշտպանվելու միջոցը արդեն հացադուլն էր, որը իր դերը չի կատարում: Գումարվել է ջրադուլը: Ես կարող եմ մի բան փաստել, որ հացադուլը և ջրադուլը Հայկը իր կյանքի և առողջության համար է կատարում»:
Կյուրեղյանի պահանջներին քրեակատարողական հիմնարկում քաջատեղյակ են, սակայն բանտախուցը փոխելու վերաբերյալ առայժմ քննարկում անգամ չի եղել։ Կառույցից տեղեկացրին՝ Հայկը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նախօրեին Կյուրեղյանին տեսակցել են նաև կալանավայրերում դիտորդություն իրականացնող իրավապաշտպանները։ Նրանցից Ռոբերտ Ռևազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Հնարավոր է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուզում է, որ առանձին խցում լինի»:
Թեև կալանավայրերը հիմնականում գերծանրաբեռնված են, Ռևազյանը պնդում է, որ ազատ բանտախցեր կան, և Կյուրեղյանի պահանջը կատարելը մեծ խնդիր չէ․ - «Ցանկացած դատապարտյալ իրավունք ունի, եթե իր անվտանգությունը խնդիր է, կյանքին մանավանդ եթե վտանգ է սպառնում, կամ առողջությանը, կամ այլ դատապարտյալների կողմից բռնության կարող է ենթարկվել, միանշանակ դա իրենց իրավունք էն պահանջել, որպեսզի իր համար ապահովվի այդ անվտանգությունը, նաև մեկուսացվի»:
32-ամյա երիտասարդը բողոքի ծայրահեղ այս միջոցին էր դիմել նաև մոտ մեկ ամիս առաջ՝ կրկին նույն պահանջով։ Այն բավարարվել էր ընդամենը մի քանի օրով։
Հարազատների պնդմամբ՝ ընդհանուր բանտախուց տեղափոխելով փորձ է արվում ճնշել Կյուրեղյանին։ «Եթե նախորդ անգամ Հայկի բարձրացրած հարցերը բավարարվել են, նրան տրվել է առանձին խուց, որտեղ ինքը կարող էր իր առողջությունը վերականգնել, ինչո՞ւ է հիմա դա հետ վերցվել: Ի՞նչն է պատճառը», - հարցեր հնչեցրեց Արմենակ Կյուրեղյանը:
Իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարվող Հայկ Կյուրեղյանը ճաղերի հետևում հայտնվեց Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացնելուց հետո։
9 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդի բողոքը նրա շահերը պաշտպանող Արթուր Սաքունցն օրեր առաջ ուղարկել է Վճռաբեկ դատարան։ Բարձրագույն ատյանը, Սաքունցի փոխանցմամբ, դիմումն առայժմ չի քննարկել։