Սահմանադրական փոփոխությունների ընդունումը «իրենց իշխանության պահպանման ծրագրի» ընդամենը մի մասն է, և «պատահական չէ, որ ափալ-թափալ անցնում են հիմա ծրագրի երկրորդ մասի իրականացմանը, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի մշակմանը»: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Միաժամանակ, ըստ նրա, «այդ պլանը արդեն չստացվեց, այսինքն՝ առաջին էտապում իրենք չստացան էն, ինչ որ իրենց պետք էր․ իրենց պետք էր ակնհայտ առավելություն «այո»-ի՝ «ոչ»-ի նկատմամբ, ակնհայտ սահուն լեգիտիմ մի հանրաքվե, որը իրենք կկարողանային մատուցել որպես ժողովրդի արտահայտված կամք, քաղաքական ուժերի կոնսենսուս, որից հետո էն երկրորդ մասը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ իրագործել՝ Ընտրական օրենսգիրք ընդունել»:
Հարցին՝ մասնակցելո՞ւ են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, որոնք նախատեսվում է սկսել փետրվարին, Զուրաբյանը արձագանքեց․ - «Դեռ նման քննարկումներ Կոնգրեսում չի եղել, բայց ես ասում եմ, որ, այո, կան դրույթներ, որ իմաստ ունի Ընտրական օրենսգրքում մտցնել այդ փոփոխությունները, և եթե դա արվի, իշխանություններին շատ ավելի դժվար է լինելու կեղծել ընտրությունները: Շատ դժվար կլինի դրանից հրաժարվել»:
«Այսինքն, ամենայն հավանականությամբ՝ դուք կմասնակցեք այդ քննարկումներին», - այս դիտարկմանը ի պատասխան՝ ընդդիմադիր գործիչը ներկայացրեց իր անձնական կարծիքը․ - «Ես կարծում եմ, որ պետք է կազմակերպել արդյունավետ գործընթաց, որ կարողանանք ազդել Ընտրական օրենսգրքում կարևորագույն փոփոխություններ մտցնելու ուղղությամբ՝ մատների թանաքոտում է, տեսախցիկների տեղադրում է, չգիտեմ՝ մատյանների բացումն է, հրապարակայնացնել այդ ստորագրված մատյանները, և այլն, և այլն»:
«Էս ամեն ինչի համար պետք է կռվել: Ընտրական գործընթացներ են, էստեղ իշխանությունը գալիս է և եթե չի տեսնում որևէ դիմադրություն, վերցնում է ինչ որ կարող է, ու ինչքան շատ է վերցնում՝ էնքան դրանից հետո ավելի դժվար է նրանից ինչ-որ բան խլել», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք, այո, կռվենք, իսկ Հայ ազգային կոնգրեսը էն քաղաքական ուժն է, որ ճակատամարտերից երբեք չի խուսափել ու պայքարելու է և վերջապես հասնելու է մեր ժողովրդի ազատագրմանը այս կեղեքիչ ռեժիմից»: