Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները կմեկնարկեն փետրվարին


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ

Փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում կմեկնարկեն 2016-ի փետրվարին:

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով, իրենք լսելու են բոլոր առաջարկները, իսկ այս պահին դեռ հստակ մոտեցումներ չունեն:

«Հունվարի վերջին, փետրվարի սկզբին, երբ արդեն ընդհանուր մոտեցումները պարզ կլինեն, այդ ժամանակ նոր կարելի է խոսել կոնկրետ սկզբունքների, մոտեցումների մասին։ Մենք հիմա ունենք նոր իրողություն և իրականություն, պետք է Ընտրական օրենսգիրքը միս ու արյուն դարձնենք, որովհետև Ընտրական օրենսգիրքը պակաս կարևոր չէ, քան մեր Սահմանադրությունը»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու հարցը որոշելու են ամանորյա տոներից հետո:

Չնայած նախագիծը դեռ պատրաստ չէ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան»-ը արդեն հայտարարում է, որ չի պատրաստվում մասնակցել դրա շուրջ քննարկումներին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում իշխանության նոր խաղի մեջ մտնել: Ըստ նրա, եթե իշխանությունները ցանկություն ունենան, առանց իրենց էլ կարող են արդյունավետ Ընտրական օրենսգիրք կազմել:

«Չենք ներգրավվելու, որովհետև ակնհայտ է, որ ոչ լեգիտիմ իշխանություն է, ոչ լեգիտիմ Սահմանադրություն է, ոչ լեգիտիմ Սահմանադրության հիմքի վրա Ընտրական օրենսգիրք է լինելու։ Ինչպես սահմանադրական փոփոխությունները ծրագրավորեցին, անցկացրեցին խայտառակ հանրաքվեով, նման իրավիճակ էլ լինելու է Ընտրական օրենսգրքի հետ կապված»,- ասաց Մարտիրոսյանը։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն անհասկանալի է համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը չմասնակցելը. - «Նույնն է, որ մենք հիմա ասենք՝ ինչի՞ ենք գնում պառլամենտում օրենքներ ընդունում։ Է, ինչի՞ ենք մասնակցում, եթե ի վերուստ կարող ենք ասել, որ էս երկրում օրենքները չեն գործում։ Է, չընդունենք, եթե չի գործելու, էդ օրենքը ինչի՞ համար է։ Բայց էդպես չի, չէ՞»։

Մելքումյանի խոսքով, երբ լինի օրենսգրքի նախագիծն, իրենք հանդես կգան կոնկրետ առաջարկներով, բայց հիմա արդեն ունեն երեք հիմնարար մոտեցումներ:

«Թափանցիկության ապահովման մեխանիզմներ, ընտրական համակարգ և ռեյտինգային քվեարկություն։ Այս երեք մոտեցումներն են, բայց կոնկրետ փաստաթուղթ չկա դեռ։ Իհարկե, որ ասեմ՝ էդ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո իդեալական վիճակ կստեղծվի երկրում, մի քիչ հեռու կլինի իրականությունից, բայց որ քայլով առաջ կշարժվենք, հիմքեր կստեղծենք, կարծում եմ, անպայման կլինի, որովհետև եթե էդպես լիներ, ապա էս ամբողջ «այո-ոչ»-ը ոչ էլ կնախաձեռնվեր, իշխանության համար շատ հեշտ կլիներ, հանգիստ կվերարտադրվեր»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված Սահմանադրության ամենավիճահարույց դրույթն, ըստ ընդդիմադիրների, 89-րդ հոդվածն էր, որն ամրագրում էր խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովումը: Նոր Սահմանադրությանը դեմ հանդես եկող ուժերի պնդմամբ՝ հենց այս դրույթն է ապահովելու նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Ավելու ուշ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատեց, որ կայուն մեծամասնություն ապահովելու մեխանիզմները նախատեսվելու են Ընտրական օրենսգրքով:

Մելքումյանն ասում է՝ ամենակատարյալ օրենսգրքի դեպքում էլ, եթե չլինի իշխանությունների կամքը, փոփոխություն չի լինի։ Հիմա այդ կամքը Մելքումյանը տեսնում է.- «Իշխանությունն էլ հասկացել է, որ պետք է քայլ առաջ լինի, քայլերով գնանք առաջ։ Ցանկություն կա քայլ անելու»։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ եթե անսպասելի գործընթացներ չլինեն, ապա ամեն ինչ գնալու է նախագահ Սերժ Սարգսյանի սցենարով.- «Իշխանափոխություն, երկրում արմատական փոփոխություններ ընտրությունների միջոցով Հայաստանում այլևս բացառված է։ Այսպես շարունակվելու դեպքում ինչ Ընտրական օրենսգիրք ուզում ես ունեցի, եթե Հանրապետական կուսակցությանը պետք է, որ ինքը ունենա 50+1 տեղ խորհրդարանում, նա դա ապահովելու է ցանկացած ընտրակեղծիքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG