Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի օր անց Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտնվել է թուրքական դատախազության ուշադրության կենտրոնում:
Պատճառը Դեմիրթաշի` կիրակի օրը Դիարբեքիրում հնչեցրած ճառն է, որում քրդական ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարը չբացառեց ապագայում անկախ քրդական պետության ստեղծումը: Այս մասին Դեմիրթաշը խոսել էր քրդական կազմակերպությունների երկօրյա համաժողովի ընթացքում, որի օրակարգային հարցերից մեկը քրդաբնակ շրջաններում վերջին շաբաթներին ծավալված զինված բախումներն էին:
«Այս դիմադրությունն ի վերջո հաղթանակով կավարտվի, և բոլորը ստիպված կլինեն հարգել ժողովրդի կամքը: Պատմական այս շրջադարձի պահին մեր ժողովուրդը ինքն է որոշելու` ապրելու է մեկ մարդու բռնապետական կառավարման ներքո՞, թե՞ իրական ժողովրդավարության պայմաններում: Թուրքիայի արևելքը ևս պետք է մասնակցի այդ որոշման կայացմանը: Չի բացառվում, որ ապագայում քրդերն իրենց անկախ պետությունն ունենան, կամ՝ ինքնավարությունը, կամ էլ, ասենք, դաշնային պետությունը», - հայտարարում էր Դեմիրթաշը:
Այս հայտարարությունները հնչեցնելու հաջորդ օրն արդեն դրանցով սկսեցին զբաղվել Անկարայի և Դիարբեքիրի դատախազությունների աշխատակիցները: Դեմիրթաշը կասկածվում է սահմանադրական մի շարք դրույթներ խախտելու, Թուրքիայի Հանրապետության ունիտար բնույթը կասկածի տակ դնելու մեջ:
Եվ քանի դեռ դատախազությունում փորձում են պարզել` արդյոք Դեմիրթաշի հայտարարությունները հանցակազմ են պարունակում, Թուրքիայի նախագահը հանդես եկավ կոշտ հայտարարություններով` պնդելով, որ Դեմիրթաշի ղեկավարած կուսակցությունը իր բնույթով թուրքական չէ:
Այսօր Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Էրդողանը հայտարարում էր․ - «Կուսակցության ղեկավարի այդ հայտարարությունը սադրանք էր և դավաճանություն: Այդ մարդիկ հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարում էին` մենք թուրքական կուսակցություն ենք: Այժմ, սակայն, պարզվում է, որ նրանք այդքան էլ թուրքական չեն: Ի վերջո, ինչպես կարող է Դեմիրթաշը խոսել Թուրքիայի արևելքում կամ հարավում առանձին պետական միավոր ստեղծելու մասին, երբ գոյություն ունի ունիտար կառուցվածք ունեցող մեր պետությունը»:
Թուրքիայի նախագահն այսօր նաև անթաքույց սպառնալիքներ հնչեցրեց քրդամետ կուսակցության հասցեին՝ պնդելով, որ «ժողովուրդն ու թուրքական օրենսդրությունը հստակ դաս կտան Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը»:
Երեկ նույն հայտարարությունների պատճառով քրդամետ կուսակցության ղեկավարի հետ նախապես ծրագրված իր հանդիպումը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ներկայացված լինել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, նախևառաջ պետք է լրջություն և անկեղծություն ցուցաբերի: Երբ այդ լրջությունը և անկեղծությունը չկան, մենք ստիպված ենք նման մարդկանց պարզապես կարգի հրավիրել», - հայտարարում էր Դավութօղլուն, ով պատրաստվում էր ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկել առաջիկա սահմանադրական փոփոխությունների թեման:
Սելահաթին Դեմիրթաշի դեմ լայնածավալ այս հարձակումը սկիզբ առավ, երբ նա անցած շաբաթ այցելեց Մոսկվա, որտեղ հանդիպեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: