Օր օրի վատթարացող ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին Մոսկվա է ժամանել Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: Էրդողանի վարչակազմի կոշտ քննադատ՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ժամեր առաջ ընդունել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ռուսական Су-24 օդանավի միջադեպի պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների հարաբերությունների վատթարացումը որևէ կերպ չի տարածվում թուրք ժողովրդի վրա», - հանդիպման մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Մենք քննադատեցինք կառավարության գործողությունները, երբ խոցվեց ռուսական ինքնաթիռը», - իր հերթին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր գործիչը: - «Հարկավոր է ուղիներ փնտրել ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու համար», - հավելել է քրդամետ քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե իր առաջնորդած կուսակցությունը մտադիր է գրասենյակ բացել Ռուսաստանի մայրաքաղաքում:
Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում 13 տոկոս աջակցություն ստացած քրդամետ ուժի ներկայացուցիչը նշել է, որ բազմակարծության և ժողովրդավարության համար պայքարող իրենց կուսակցությունը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին:
Պաշտոնական Անկարան հակադարձում է
«Դեմիրթաշը համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր Թուրքիայի հետ խնդիրներ ունեն», - հայտարարել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ շարունակելով․ - «Ինչո՞ւ է նա Ռուսաստան մեկնում հենց այն ժամանակ, երբ ռուսների հետ ճգնաժամի մեջ ենք: Ինչո՞ւ նա դա չարեց մեկ տարի առաջ, այլ՝ հիմա»:
Վերլուծաբանները Դավութօղլուի այս հայտարարության տողատակերում մտավախություն են տեսնում, որ քրդամետ քաղաքական գործչի մերձեցումը Կրեմլի հետ կարող է ուժեղացնել Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը, որին, ի դեպ, Կրեմլը ահաբեկչական խմբավորում չի համարում:
«Թուրքիյե գազեթեսի»-ի մեկնաբանը, անդրադառնալով Դեմիրթաշի մոսկովյան այցին, գրում է, որ Ռուսաստանը, աջակցելով քրդամետ կուսակցությանը, որն առանց այն էլ խնդիրներ ունի երկրի իշխանությունների հետ, օգտագործում է Թուրքիայի հարավ-արևելքի քաոսը, որի արդյունքում Անկարան ստիպված կլինի զբաղվել ներքին խնդիրներով և հեռու մնալ Սիրիայից ու Իրաքից: Ահա թե ինչու են Դեմիրթաշին, ինչպես և Ասադին, գրկաբաց դիմավորել Մոսկվայում, եզրակացնում է նա: