Անալոգային հեռարձակումը հունվարի 1-ից չի անջատվի

«Այսօր կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ պարոն Առաքելյանը հավաստիացրել է, որ տոնական օրերին անջատում չի լինելու», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Պաշտոնապես որևէ հետաձգում չի եղել, իրավական որևէ ակտ չի փոխվել: Նոր բան կա, որը ըստ էության քաղաքական որոշման տարր ունի իր մեջ․ այսօր կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ պարոն Առաքելյանը հավաստիացրել է, որ տոնական օրերին անջատում չի լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ամալյանը։

Երևանում թվային հեռարձակման ազդանշանն առայժմ փորձնական է․ համապատասխան կցորդ սարք ունեցողները այն արդեն կարող են ընդունել, սակայն քչերը դեռ ունեն նման հնարավորություն։

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ շուրջ 100 հազար անապահով ընտանիքներ 25-80 դոլար արժողությամբ սարքերն անվճար են ստանալու։ Երեկ, սակայն, կառավարությունը որոշում ընդունեց, թե մոտ հիսուն հազար ընտանիք է անվճար սարքեր ստանալու։

Դեռ հստակ չէ, թե անապահով ընտանիքներին կցորդ սարքերը երբ են բաժանվելու։ Գրիգոր Ամալյանի խոսքով, անալոգային հեռարձակումը կանջատվի այն տարածքներում, որտեղ սարքերն արդեն բաժանված կլինեն։

Հարցին, թե արդյոք վերջնական ժամկետների շարունակական երկարաձգումը օրենքի խախտում չէ, Ամալյանն արձագանքեց․ - «Հաշվի առնելով մի շարք խնդիրներ, մեր երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները՝ կայացվեց որոշում առավելագույնս երկարաձգել: Իսկ առավելագույնը, քանի որ միջազգային պայմանավորվածությունը 15 թվականն էր, մենք ընդամենը խախտեցինք 6 ամսով, երկարաձգեցինք։ Եթե նորից ունենանք ֆորսմաժորային վիճակ զուտ բաժանման տեխնիկական խնդիրների հետ, բնականաբար, քանի դեռ քաղաքացու իրավունքը չենք ապահովել, անջատում չենք անելու»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, մինչդեռ, Հայաստանը դեռ պատրաստ չէ թվային հեռարձակմանը ո՛չ օրենսդրորեն, ո՛չ սոցիալական առումով․ - «Հայաստանի «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը, որը պատվիրել է գնումը, դեռ չի ստացել այդ խմբաքանակը: Հասկանալի է, որ դրա ստանալը և բաժանելը մեկ օրվա, մեկ շաբաթվա կամ նույնիսկ մեկ ամսվա գործ չի»:

Աշոտ Մելիքյանի խոսքով, խնդիր առաջացավ նաև թվային հեռարձակման արտոնագիր չստացած մարզային հեռուստաընկերությունների համար։ Ազգային ժողովի արտահերթ նիստում նախորդ շաբաթ ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով այս ընկերությունները դեռ կշարունակեն գործել անալոգային հեռարձակմամբ:

«Երկու կարգի հեռուստատեսություններ պետք է գործեն մարզերում․ մարզայինները, որոնք ստացել են լիցենզիա 2010 թվականին և գործելու են թվային համակարգում, և այլ մարզայիններ, որոնք որ մարզի տարածքը չեն ընդգրկելու, լինելու են քաղաքի մասշտաբով, ինչ-որ տարածքի մասշտաբով և գործելու են անալոգային ռեժիմով։ Մենք համարում ենք, որ պետությունը չուզեցավ ինքը վերցնի և փակի որևէ հեռուստաընկերություն, բայց անհավասար պայմաններ ստեղծեց, և այդ անհավասար պայմաններում էլի վտանգ կա»:

Լրագրողական հասարակական կազմակերպությունները ոլորտը կանոնակարգող օրենսդրական առաջարկությունների իրենց փաթեթն են ներկայացրել խորհրդարան։ Մելիքյանի փոխանցմամբ, դրանք առայժմ որևէ լուրջ արձագանք չեն ստացել: