Կառավարությունը այսօր հերթական նիստի ժամանակ հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:
Ըստ որոշմանը կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են երկրի տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները, և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման:
Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:
Որոշմամբ սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը կիրականացվի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ գործող օրենսդրությամբ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման անցնելու վերջնաժամկետ էր սահմանված 2016 թվականի հունվարի 1-ը, սակայն այս տարվա սեպտեմբերին կառավարությունը որոշեց վեց ամսով երկարաձգել այն: