Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Սանկտ Պետերբուրգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ռազմական Cy-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ և մասնավորապես նշել. - «Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Ինչպես գիտենք, աշխարհը փոխվում է, ձևավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, և այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»։
Շարմազանովը Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը։ «Անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ», - ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը։
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ միջազգային հարթակներում Ռուսաստանին աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից:
Ինչ վերաբերում է Թուրքիային, Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. - «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:
Նարիշկինը շնորհակալություն է հայտնել 2016 թվականին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը: