Ռուսաստանցի քաղաքագետ և պատմաբան Բորիս Թումանովի կարծիքով՝ հայերի ցեղասպանության մասին հանկարծակի հիշած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը նման քայլի է դիմել ոչ թե հայերին պատած ցավից դրդված, այլ ընդամենը Թուրքիային ցավ պատճառելու նպատակով:
Թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցերին զուգահեռ՝ ռուսաստանյան «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարեց, որ Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ, որում առաջարկվում է պատասխանատվության ենթարկել Ցեղասպանությունը ժխտողներին:
«Ազատության» հետ զրույցում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Թումանովը շահարկում և ցինիզմ որակեց երբևէ հայերի ողբերգության մասին բառ չարտաբերած քաղաքական ուժի նման քայլը թուրք-ռուսական լարվածության ֆոնին, հավելելով՝ այն ոչ միայն ամոթալի է, այլև անհարգալից և ճղճիմ. - «Եթե նրանք իսկապես ցանկանում էին հայերին ինչ-որ կերպ կարեկցել, ապա, ինչպես իմ զրուցակիցներից մեկն էր ասում՝ օգնեին վերադարձնել հայերին պատկանող տարածքները, որոնք հենց ռուսներն են հանձնել թուրքերին»:
Քաղաքագետը համոզված է, թե չլիներ օդանավի պատմությունը՝ Ռուսաստանում ոչ ոք չէր մտածի հիշել Հայոց ցեղասպանության մասին: «Հարցը պարզապես շահարկում են թուրքերին բարկացնելու համար», - ընդգծում է ռուսաստանցի քաղաքագետը:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության հեղինակած փաստաթղթի նախագծում մասնավորապես առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել «1915-1922 թվականներին Oսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին փաստերը ժխտողներին»: Ժխտումը հրապարակայնորեն իրականացնողների համար սահմանվում է` կա՛մ տուգանք` մինչև 300 հազար ռուբլի, կամ դատապարտվածի երկու տարվա աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով, կա՛մ հարկադիր աշխատանքի կատարում՝ մինչև երեք տարի ժամկետով, կամ մինչև երեք տարվա ազատազրկում: Նույն հանցանքը կատարած այն անձինք, ովքեր միևնույն ժամանակ օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը կամ զանգվածային լրատվամիջոցները, կտուգանվեն 100 հազարից մինչև 500 հազար ռուբլու, կամ իրենց 1 -3 տարվա աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով, կամ նրանց նկատմամբ կսահմանվի հարկադիր աշխատանք՝ մինչև 5 տարի ժամկետով, կամ մինչև 3 տարվա ազատազրկում, կամ նույնքան ժամկետով կզրկվեն որոշակի գործունեություն կատարելու հնարավորությունից և պաշտոններից:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1995 թվականին, իսկ 2005 և 2015 թվականներին հայտարարություններ է ընդունել Հայոց ցեղասպանության համապատասխանաբար 90-րդ և 100-րդ տարելիցների կապակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի ապրիլի 24-ին Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը պաշտոնական Անկարան դատապարտեց: