Սյունիքի մարզպետի որդին՝ «Հայանտառ»-ի տնօրենի օգնական

Տիգրան Խաչատրյան, արխիվ

Բնապահպան Լևոն Գալստյանը «զարմանում է, որ մարդիկ դեռ զարմանում են»։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով ամիսներ առաջ ձերբակալվեց «Սդղի գյոլի» գործով, սակայն այդպես էլ նրա նկատմամբ մեղադրանք չառաջադրվեց, ազատ արձակումից մեկ ամիս անց նշանակվել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի օգնական:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետի որդին բանակից տարկետման իրավունք է ստացել նյարդային խնդիրների պատճառով՝ «նևրասթենիա» ախտորոշմամբ: Այս փաստը, սակայն, «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանին չի մտահոգում, պնդում է՝ ինքն անձամբ է նշանակել Տիգրանին իր օգնական, մարզպետի հետ էլ հարաբերությունները ընկերական-գործնական են:

«Տիգրանը շատ բարեկիրթ երիտասարդ է: Իր աշխատանքը կատարում է պարտաճանաչ, մասնագիտությամբ տնտեսագետ է: Սովորել է Գորիսի համալսարանում և 2014 թվականից Սանկտ Պետերբուրգի տնտեսական ինչ-որ բուհում», - «Ազատության»-ը փոխանցեց Մաթևոսյանը:

Սուրիկ Խաչատրյանի օգնական Վոլոդյա Հովհաննիսյանն էլ պնդում է՝ Տիգրանը հավասարակշռված երիտասարդ է, թեև քրեական երկու խոշոր գործերով է անցել, բայց հետո անմեղությունն ապացուցվել է:

«Մեր երիտասարդները պե՞տք է ինչ-որ տեղից սկսեն իրենց աշխատանքային գործունեությունը, ի՞նչ վատ է, որ մի հայ երիտասարդ ընտրվել է օգնական: Իր փորձառու պետի մոտ կանցնի որոշակի էտապով, կսովորի աշխատելը, կաշխատի, կսխալվի, կուղղի սխալը և կդառնա նորմալ աշխատող և նորմալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Այս տարի Սյունիքի մարզում 2 ժամվա այցելությունից հետո ապօրինի ծառահատման 105 դեպք արձանագրած բնապահպան Լևոն Գալստյանը հույս չունի, որ Սյունիքի մարզպետի երիտասարդ որդին նոր պաշտոնում կարող է իրավիճակը դեպի լավը փոխել․ - «Դա նույն տրամաբանությունն է, երբ որ բերում են որսագողին՝ նշանակում են պահպանության բաժնի պետ նույն Զանգեզուրի կենսոլորտային համալիրում: Իրենք մեկ անգամ ևս ուզում են ասել, որ՝ մենք այնպիսի մարդկանց ենք ուզում դնել, որոնց մասին դուք գիտեք, որ ոչ մի բանի արժանի չեն, բայց մենք իրենց ենք դնում, որ հասկանաք, որ մենք անում ենք այն, ինչ ուզում ենք: Իր անցած ուղին ու իր հոր անցած ուղին մեզ ոչ մի վստահություն չի ներշնչում, որ ինքը կարող է ինչ-որ բան անել»:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անպատասխան է թողել «Ազատության» հարցը, թե ինչո՞ւ է նախարարության ենթակայության տակ գործող «Հայանտառ»-ի տնօրենը որոշել հենց Սյունիքի մարզպետի որդուն նշանակել իրեն օգնական:

Ամիսներ առաջ էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ աղմկահարույց քրեական պատմություններով հայտնի օգնական Զարզանդ Նիկողոսյանն էր նշանակվել մարզի դպրոցներից մեկի փոխտնօրեն: Սակայն այդ պաշտոնում երկար չմնաց, բարձրացված աղմուկից ժամեր անց կրթության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ նշանակման որոշումը չեղյալ է համարվել մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո։