Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն ավարտեց Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, որի մոտ 2013 թվականի հունիսի 1-ին սպանվել է Ավետիք Բուդաղյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, որի մոտ 2013 թվականի հունիսի 1-ին սպանվել է Ավետիք Բուդաղյանը:

Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:

Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Սյունիքի մարզպետի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:

Բուդաղյանը բողոքարկում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, ենթարկվել էր դրամական տուգանքի և համաներմամբ ազատվել պատժից:

Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանն այսօր դատարանում հայտարարեց, թե միջադեպի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի պահվածքն էլ վկայում է, որ նրա եղբայրը սպառնալիքներ է հնչեցրել․ - «Նա [Ավետիք Բուդաղյանը] րոպեներ առաջ դեպքի վայր հասնելով, զգուշացրել է այնտեղ գտնվողներին Արտակ Բուդաղյանի գալու մասին՝ հորդորելով, որպեսզի նրանք զգույշ մնան»:

Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, և պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են հնչել սպանության սպառնալիքները: Մինչդեռ, Ալումյանի խոսքով, վկաները իրենց սկզբնական ցուցմունքներում ոչինչ չէին ասել սպառնալիքների մասին․ - «Ամենամերձավոր ազգականներն են Սուրիկ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի, Տրդատ Խաչատրյանի, մեկը մորաքույրը, մեկը հորաքույրը․․․ Ի՞նչը կարող էր դրդել այս անձանց չասել ոչինչ սպառնալիքների մասին, եթե սպառնալիքները իրոք եղած լինեին»:

Դատախազը հակադարձեց․ - «Դեպքի վայրում Արտակ Բուդաղյանին ամենից մոտ կանգնած է եղել տուժող Լորետա Բարսեղյանը, և վերջինս էլ մեղադրողի կողմից կատարված կոնկրետ հարցադրմանը հստակ պատասխանել է, որ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, բացի իր ամուսնու և ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքներից, կոնկրետ սպառնացել է նաև իրեն՝ հայտարարելով, որ սպանելու է»:

Սյունիքի մարզպետի կնոջ շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի խոսքով՝ տեղի ունեցածը սպառնալիքի դասական օրինակ է, ինչը, ըստ փաստաբանի, ապացուցվում է տեսաձայնագրություններով․ - «Երկու անգամ ամբողջ ներկա գտնվողները փախչում են դեպի հետ, դեպի տան կողմը: Դա արդեն խոսում է նրա մասին, որ նրանք վախենում են սպառնալիքի ազդեցության տակ: Այլապես նրանք բոլորը միասին չէին փախնի չորս-հինգ քայլ և ավելին»:

Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Սակայն դեպքից երեք ամիս անց նրանք ազատ արձակվեցին, և միջադեպի հետ կապված միակ անձը, ով կանգնեց դատարանի առաջ, Արտակ Բուդաղյանն էր:

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասով Տիգրան Խաչատրյանը պատասխանատվությունից ազատվել է հենց այն պատճառով, որ գործը քննող քննիչը, առանց դատարանի որոշման, հաստատված է համարել Լորետա Բարսեղյանի հասցեին Արտակ Բուդաղյանի կողմից մահվան սպառնալիքներ հնչեցնելու փաստը, ուստի եթե Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումն ու արձանագրի, որ սպանության սպառնալիքներ չեն եղել, ապա Տիգրան Խաչատրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի:

Վերաքննիչ դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG