Կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հարցը հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում է, այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
«Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ հնարավոր պայմանագրի հարցը այս շաբաթ կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի օրակարգում է: ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է տրամադրել որոշակի պարզաբանում և տեղեկատվություն, թե այս պահին ինչո՞ւ է անհրաժեշտ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքումը: Մենք սպասում ենք այդ հարցի շուրջ քննարկմանը»,- ասաց դեսպանը։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին խնդրեցինք պարզաբանել, թե Միացյալ Նահանգների հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքումը ի՞նչ կտա հայաստանյան բիզնեսին:
«Կարծում եմ՝ դա հնարավորություն կտա ոչ ռեզիդենտներին և ռեզիդենտներին, որոնք աշխատում են և հնարավորություն ունեն մասնավորապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինովացիայի, գիտական ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ իրականացնել, այստեղ հնարավորությունները ավելի կմեծանան»,- ասաց նախարարը։
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին հայ-ամերիկյան առևտուրը կազմել է 118.7 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 3.4 տոկոսը։ Այդ ցուցանիշով Միացյալ Նահանգները Հայաստանի վեցերորդ խոշոր առևտրային գործընկերն է:
Նախարարին, դեսպանին հնարավոր եղավ հարցեր ուղղել առավոտյան Երևանում մեկնարկած Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի ընթացքում: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի ու ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Էլիզաբեթ Հաֆների գլխավորությամբ նիստի ընթացքում քննարկվեցին փոխադարձ առևտրի և ներդրումների աճի հնարավորություններն ու հեռանկարները:
«Մեր նպատակն է այնպիսի միջավայրի ձևավորումը, որ Հայաստանը կարողանա ներգրավել ամերիկյան ներդրումներ: Ո՛չ հայաստանյան, ո՛չ ամերիկյան կողմը չի կարող հրամայել ամերիկյան կամ հայաստանյան ընկերություններին Հայաստանում կամ ԱՄՆ-ում ներդրումներ կատարել: Ուստի այս հանդիպումների նպատակը ամերիկացի և հայաստանցի ներդրողների համար հնարավորինս դյուրին պայմաններ ստեղծելն է՝ երկու երկրներում գործարարությամբ զբաղվելու համար: Ամերիկյան բիզնեսի համար այստեղ կան իրական հնարավորություններ, եթե նրանց համար մենք կարողանանք ստեղծել ճիշտ միջավայր: Սա նշանակում է այնպիսի խաղի պայմաններ, որ ամերիկացի, ֆրանսիացի կամ ռուսաստանցի գործարարները հավասար վերաբերմունքի արժանան Հայաստանի կառավարության, դատարանների, իրավապահ մարմինների կողմից»,- ասաց դեսպան Միլզը։
Ճիշտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց, որ հայ-ամերիկյան առևտրա-տնտեսական հարաբերությունները իր գերակայություններից մեկն են, և Հայաստանի տնտեսությունը հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան:
Երբ այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հարցրեցին, թե կառավարությունը ինչպե՞ս է պատրաստվում խաղի հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար, էկոնոմիկայի նախարարը արձագանքեց. - «Կոռուպցիայի դեմ պայքարը և հավասար մրցակցային պայմանների ստեղծումը ավելի շատ ուղղված են համակարգային փոփոխություններին, մասնավորապես՝ մասնավոր և պետական հատվածի մինիմալ շփումների իրականացմանը, այսինքն՝ դրանց մինիմալացումը»։
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կարող ենք տարանջատել պաշտոնյաներին և բիզնեսը, Կարեն Ճշմարիտյանը նախընտրեց չպատասխանել.- «Ես սովոր եմ թեմայից խոսել, ոչ թե բամբասանքներ մեկնաբանել»։