Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանի գնահատմամբ, Հայաստանում «ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան»


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը, այսօր Երևանում՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած միջոցառմանը հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլզը:

«Իմ առաջին գերակայությունը գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է մեր երկու երկրների միջև: Թույլ տվեք հստակեցնեմ. ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առևտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առևտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը», - նշեց դեսպանը:

Միլզի խոսքով, երկկողմ առևտրատնտեսական կապերը խորացնելու նպատակով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները այս մայիսին ձևավորել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդը, որի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 17-ին Երևանում:

Հաջորդ գերակայությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, և ամերիկացի դիվանագետը ընդգծեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի «խթանը գալիս է ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակից»:

«Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը: Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա կա՛մ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կա՛մ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները», - նշեց Ռիչարդ Միլզը, - «Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել այն: Կոռուպցիան սակայն սոսկ տնտեսության վրա չէ, որ բացասաբար է անդրադառնում: Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: Այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը»:

Հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է աշխատել հայաստանյան ցանկացած պետական ու հասարակական կառույցի հետ, դեսպան Միլզը առանձնացրեց կառավարությանն առընթեր Հակակոռուպցիոն խորհրդի դերը՝ նշելով` աջակցությունը վերջինին իրականացվում է այն պայմանով, որ խորհուրդը չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի, եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա աջակցությունը կդադարեցվի:

Ներկայացնելով հաջորդ գերակայությունը՝ ԱՄՆ դեսպանը հայտարարեց. - «Իմ գնահատմամբ, Մերձբալթյան պետություններից հետո Հայաստանն ունի ամենակենսունակ ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը նախկին Խորհրդային Միության տիրույթում: Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանը ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն և նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետևյալ ուղերձը՝ կատարելագործե՛ք ձեր կազմակերպական և շահապաշտպան կարողությունները, գտեք համակիրներ տեղերում»:

Ռիչարդ Միլզը խոսեց նաև Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններից և Հայաստանի վրա այդ հարաբերությունների ազդեցությունից: Նշելով, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան սուր տարաձայնություններ՝ դեսպանը հայտարարեց. - «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին են ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը»:

Իրանի հետ կապված նշեց՝ հոկտեմբերի 18-ին ստորագրվել է Համատեղ գործողությունների համալիր ծրագիր, որի իրականացումից հետո ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պարտավոր կլինեն հանել միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները:

Հատկանշական է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չնշվեցին որպես գերակայություն, թեև Միլզը հայտարարեց, որ «Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ասաց․ - «Երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանի որ դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին»:

Միլզ․ «Համաձայն եմ Հայաստանում մոնոպոլիզացիայի վերաբերյալ հնչող մտահոգությանը»

Ելույթից հետո ԱՄՆ դեսպանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, երբ, օրինակ, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանն ամենամոնոպոլիզացված երկիրն է, իսկ լրատվամիջոցներում էլ շարունակ կարելի է հանդիպել հրապարակումների՝ կառավարության այս կամ այն անդամի ազգականներին պատկանող բիզնեսների մասին:

«Նախևառաջ թույլ տվեք ասել՝ համաձայն եմ Հայաստանում մոնոպոլիզացիայի վերաբերյալ հնչող մտահոգությանը, ինչպես նաև մտահոգությանը, որ ոմանք, ովքեր մոնոպոլիաների տեր են, հնարավորություն ունեն վերջ տալ մրցակցությանը և փակել շուկան: Բայց դժբախտաբար սա նաև պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, և փակ սահմանը հեշտացնում է շուկան փակ պահելը: Եվ սա է հարցը՝ ինչպե՞ս պայքարել տնտեսական հզորության չարաշահման դեմ, ինչպե՞ս բացել շուկան փոքր բիզնեսի համար, և սա հենց այն հարցն է, որը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Բայց երբեմն մենք չենք ներկայացնում այն, ինչ դրական է եղել՝ օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում: Կարծում եմ, Հայաստանի կառավարությունը անցած տասնամյակում իրական հաջողության է հասել՝ բաց և թափանցիկ լինելու առումով: Հիմնական ծառայությունների մատուցումը Հայաստանի քաղաքացիներին ավելի քիչ է կոռումպացված և ավելի բաց է իրականացվում», - պատասխանեց Ռիչարդ Միլզը:

Հարցին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ արդյոք իշխանությունները ստեղծե՞լ են հավասար հնարավորություններ ընդդիմության համար, ԱՄՆ դեսպանը արձագանքեց. - «Կարծում եմ երկու կողմերը իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն ունեն: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին: Մենք՝ Հայաստանի բարեկամները, միջազգային հանրությունը, շարունակում ենք շփվել քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ համոզվելու, որ նրանք հաղորդակցությունից, հեռուստաալիքներից, լրատվամիջոցներից օգտվելու հնարավորություն ունեն: Կարծում եմ Հայաստանի կառավարությունը հասկանում է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների համոզիչ լինելը կախված է նրանից, թե արդյոք բարեփոխումների վերաբերյալ ապահովված էր լիարժեք բանավեճ, և հանրաքվեի արդյունքների համոզիչ լինելու մասին միջազգային հանրության կարծիքը նույնպես կախված կլինի դրանից: Կարծում եմ Հայաստանի կառավարությունը հասկանում է դա և ցանկանում է այդպես անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG