Ռուսաստանը և Հայաստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն

Ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանում, արխիվ

Թեև նման համակարգ արդեն իսկ գործում է, սա լավ լուր է Հայաստանի համար, ընդգծում է ռուսաստանցի փորձագետը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը», - ասված է Պուտինի այսօր ստորագրած կարգադրությունում:

Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:

«Որևէ նոր բան այս հաղորդագրությունում չկա: Նման համակարգ Հայաստանում արդեն գործում է, և սա լավ լուր է Հայաստանի համար․ մի բան է, երբ կա այդ համակարգը դե ֆակտո, մեկ այլ բան է, երբ փաստաթղթեր կան այս մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Իհարկե, իրականում այդ համակարգը կառավարվում և կառավարվելու է Մոսկվայից, թեև կարող է և, սոսկ ձևական առումով, այն շահագործելու երկու բանալի լինել, շարունակեց ռուսաստանցի հայտնի փորձագետը:

Այդ համակարգի ինչ-որ մասեր նաև Հայաստանին է տրամադրել Ռուսաստանը ժամանակին, սակայն «հասկանալի է, որ Երևանի հրամանով ռուսաստանցի զինվորականները չեն պատերազմի», ընդգծեց Ֆելգենգաուերը:

Ռազմական հարցերով փորձագետը ասում է, որ այս համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև է և ՀԱՊԿ-ի հետ որևէ կապ չունի: Եվ ընդհանրապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծված է միայն Միջին Ասիայի տարածաշրջանի համար ու Հայաստանին իրականում չի վերաբերում, պնդում է Պավել Ֆելգենգաուերը: Դժվար է պատկերացնել, ընդգծեց նա, որ Ղրղըզստանը, Բելառուսը կամ Ղազախստանը զորքեր ուղարկեն Հայաստան՝ Ադրբեջանի հետ պատերազմելու համար:

Փորձագետը նաև շեշտում է, որ հակաօդային պաշտպանության համակարգը վերաբերում է միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հետ, նրա համոզմամբ, որևէ կապ չունի:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կորաչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ներկայումս Ռուսաստանն աշխատում է նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգեր ստեղծելու ուղղությամբ: