Ժիրայր Սեֆիլյանը չի պատասխանել քննիչների հարցերին

Իրեն Քննչական կոմիտե հրավիրելը Սեֆիլյանը համարում է «քաղաքական հալածանք», որը «նպատակ ունի ճնշում գործադրել սահմանդրական փոփոխություններին ընդդիմացող քաղաքական ուժերի նկատմամբ»:

«Ես օգտվել եմ մեղադրյալի լռության իրավունքից և հարցերին չեմ պատասխանել: Եվ վերջում կատարել եմ հայտարարություն՝ ասելով, որ փետրվարի 18-ին հարուցված գործը ես համարում եմ քաղաքական պատվեր և ըստ էության անհեթեթ: Եվ այն հանգամանքը, որ մինչ այսօր կարճված չէ, դա նույնպես քաղաքական պատվեր է և քաղաքական հալածանք: Դա ուղղակի ես կապում եմ իմ այսօրվա քաղաքական գործունեության հետ», - Քննչական կոմիտեում մոտ մեկուկես ժամ անցկացնելուց հետո «Ազատությանն» ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետը:

Ըստ միասնական շտաբի տարածած հաղորդագրության, երեկ երեկոյան ժամը 21-ին մի խումբ ոստիկաններ այցելել են շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը այսօր «Ազատությանը» հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է կոմիտե՝ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում մասնակցելու քննչական գործողությունների: Տռուզյանը պարզաբանեց, որ խոսքը 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակում այս տարվա ապրիլի 9-ին և 10-ին Հիմնադիր խորհրդարանի մի շարք ղեկավար անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։

Այս գործի հիման վրա նշված անձինք ձերբակալվեցին ապրիլի 7-ին, և միայն ապրիլքսանչորսյան միջացոռումներից օրեր անց՝ մայիսի 4-ին, փոխվեց նրանց խափանման միջոցը, ու ընդդիմադիր գործիչներն ազատ արձակվեցին:

Սեֆիլյանի խոսքով, ամռանը, ինչպես նաև սեպտեմբերին ու հոկտեմբերին իշխանությունները կարծես թե մոռացել էին այս գործի մասին․ այդ ողջ ընթացքում ինքը երբևէ չի հրավիրվել Քննչական կոմիտե: Իսկ երբ ընդդիմադիր շարժումը պայքար սկսեց սահմանադրական փոփոխությունների դեմ, հիշեցին, որ նման քրեական գործ կա:

Հարցին, թե ինչ հարցեր էր տալիս քննիչը, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Անհեթեթ հարցեր: Հարցեր, որոնք կապ են ունեցել մեր կողմից ստեղծված ՀԿ-ի հետ, ՀԿ-ի տնտեսական, ֆինանսական մուտք ու ելքի հետ կապված ինչ-որ անհեթեթ հարցեր»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, ակնհայտ է, որ իշխանությունները չեն փակում նշված քրեական գործը՝ ժամանակ առ ժամանակ իր և իր համախոհների նկատմամբ հալածանք գործադրելու համար: Նա չբացառեց, որ իրենց կարող են անգամ ձերբակալել դեկտեմբերի 6-ի քվեարկությունից առաջ․ - «Ոչ մի բան պիտի չբացառել: Սակայն որ օրեցօր այս ռեժիմի բռնության ռեսուրսը սպառվում է, դա փաստ է»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում արձագանքելով Սեֆիլյանին՝ հորդորեց չքաղաքականացնել իրավապահ մարմնի գործողությունները․ - «Յուրաքանչյուր քաղաքացու այսօր հրավիրեն, կարող է ասել՝ ինձ քաղաքական հետապնդում են իրականացնում: Պարզապես Քննչական կոմիտեն կատարում է իր գործողությունները: Եթե եղել է հարուցված գործ կամ եղել է ինչ-որ միջադեպ, բնականաբար, պետք է տրվեն պարզաբանումներ: Պարզապես ձեռքերը գցում են փրփուրներին այդ մարդիկ և ցանկանում են իրենց դեմք սարքել և հանրության ուշադրությունը գրավել»: