Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին մեղադրանք է առաջադրվում


Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

2 օր առաջ ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան»-ի 6 անդամներից երկուսին՝ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։

Այս պահին Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվում Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին և Գարեգին Չուգասզյանին: «Ազատության» տեղեկություններով, նրանց ևս զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվում, որի համար նախատեսված է 4-10 տարվա ազատազրկում:

Այսօր ավելի վաղ ազատազրկվածներին Էրեբունու ձերբակալվածների պահման վայրից ​տեղափոխեցին Քննչական կոմիտե: Նրանց հերթով շենք էին մտցնում ոստիկանության դիմակավորված հատուկջոկատայինները։ Մի քանի մետր հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները բողոքի ցույց էին անցկացնում:

«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամները Քննչական կոմիտեում են արդեն 6 ժամից ավելի: Առայժմ հատուկջոկատայինները միայն շենքից դուրս են բերել Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին՝ մեղադրանք առաջադրելուց հետո։

Սեֆիլյանը և նրա համախոհները ձերբակալվել են երկու օր առաջ՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Առաջիկա ժամերին կորոշվի ոչ միայն նրանց մեղադրանք առաջադրելու, այլև խափանման միջոց ընտրելու հարցը։

Այսօր շարժման մասնակիցներին մեղադրանք առաջադրելու մասին լսելուց հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները ասացին, որ կշարունակեն գործել շարժման այլ անդամի ղեկավարությամբ։

«Արդեն Վարուժանին առաջադրել են, մենք տեղյակ ենք: Արդեն տարել են Էրեբունի դատարան և խափանման միջոց են որոշել: Ապօրինի երկրում ենք ապրում: Բայց սրանց վերջը գալու է, խոսք եմ տալիս, ժողովուրդ: Պարոն Սեֆիլյանը մեր ղեկավարն է, մեր շարժման լիդերն է, բայց արդեն իսկ իրեն փոխարինող կա: Իր գործը ժամանակավոր կատարվելու է իր ընտրված մարդով», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից մեկը:

«Էդ քննիչը որտեղից էր վերցրել, որ «Հիմնադիր խորհրդարանը» զինված պայքարի էր կոչ անում: Չկա նման բան: Բարձրացրեք մեր ցանկացած փաստաթուղթ, գրություն, ելույթ, կտեսնեք, որ զինված պայքարի որևէ արտահայտություն անգամ չկա», - ասաց շարժման մեկ այլ մասնակից:

Ապրիլի 7-ի երեկոյան ձերբակալվել էր նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը անօրինական զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Նրան դեռ Քննչական կոմիտե չեն բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG