Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 5-6-ը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է: Երեկ կայացել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Ըստ հաղորդագրությունների, բարիդրացիական, ռազմավարական հարաբերությունները, համագործակցությունը խորացնելու հավաստիացումներից, համատեղ ծրագրերից բացի, նրանց քննարկումների առանցքում են եղել տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները:
Համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է, որ չնայած տարածքային ամբողջականության հետ առաջացած խնդիրներին՝ Վրաստանը հավատարիմ կմնա իր տրանզիտային պարտավորություններին:
«Վրաստանը եղել և մնում է դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև, և մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունն այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ասելով, որ քննարկվել է նաև տարածաշրջանի կայունությունը:
«Մենք հաստատել ենք մեր հավատարմությունը սահմանների անձեռնմխելիությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը», - նշել է Վրաստանի նախագահը:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե բոլոր հարցերում, հատկապես տարածքային ամբողջականության հարցում, միմյանց աջակցում են:
«Միջազգային կազմակերպություններում միասնական դիրքորոշմամբ ելույթներով արդյունավետ հենք է ստեղծվել։ Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքների հակամարտությունները, պետք է լուծվեն ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելության սկզբունքներով: Ադրբեջանի հինավուրց ու պատմական տարածքը՝ Լեռնային Ղարաբաղն արդեն տարիներով օկուպացված է: Ցավոք, այդ հակամարտությունը չի հաջողվում լուծել, չնայած միջազգային բոլոր կազմակերպությունները ներգրավված են այդ հարցում», - ասել է Ալիևը:
Տնտեսական ոլորտից առանձնացնենք գազամատակարարման հետ կապված հարցը, քանի որ վերջերս Վրաստանը ակտիվ բանակցությունների մեջ է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:
Թբիլիսիում, նախագահների համատեղ ասուլիսում, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը գազի այնքան շատ պաշարներ ունի, որ 100 տարի անց էլ կարող է գազ մատակարարել հարևաններին ու Եվրոպային:
«Գրուզիա օնլայն»-ը նշում է, որ սա, ըստ էության, պատասխան էր Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարությանը, ով ասել էր, որ Ադրբեջանը հնարավորություն չունի Վրաստանին կոմերցիոն գազ մատակարարելու համար, այդպիսով արդարացնելով ռուսական «Գազպրոմ»-ի հետ սկսված բանակցությունները:
Ալիևի երեկվա հայտարարությունից անմիջապես հետո Կալաձեն ասել է, թե Ադրբեջանի նախագահը նկատի չի ունեցել կոմերցիոն գազամատակարարումը: Նա նշել է, որ նախագահների հանդիպմանը «Գազպրոմ»-ի մասին խոսք չի գնացել:
«Խոսք է գնացել SOCAR-ի [Ադրբեջանի պետական նավթային ընկերության] կողմից իրականացվող ծրագրերի մասին: Մենք քննարկել ենք երկրորդ գիծ կառուցելու հարցը: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ Վրաստանը Եվրոպայի հուսալի գործընկերն է: Մենք կմասնակցենք բոլոր կարևոր նախագծերին և մեր կողմից կանենք առավելագույնը՝ հաջողությամբ ավարտելու սկսված ծրագրերը», - ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:
Նշենք, որ Թբիլիսիում նախատեսված են նաև Իլհամ Ալիևի հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ով վարում է երկրի գործնական քաղաքականությունը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ: Այսօր Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները կայցելեն նաև Վրաստանի Մառնեուլիի շրջան, որտեղ շատ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում: