Վաղը պաշտոնական այցով Վրաստան է այցելելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և Իլհամ Ալիևի հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով։
Հանդիպումների ընթացում կստորագրվեն երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հռչակագրեր՝ քաղաքական, անվտանգության, տնտեսության, առևտրի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Աղբյուրը նշում է, որ նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան հայտարարությամբ։
Նախատեսվում են Ադրբեջանի նախագահի հանդիպումները նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ։