Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը դեռ չի հստակեցվում։ Երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ հարցը նիստին չի քննարկվել։
«Նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մեր շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրներին, մասնավորապես՝ քարոզչական բնույթի աշխատանքների հետ կապված հստակեցումներ, կազմակերպական բնույթի խնդիրներ քննարկվեցին», - ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հանրապետականները ողջ կազմով են մասնակցելու «այո»-ի արշավին, միևնույն ժամանակ նշելով . - «Չեմ կարծում՝ կարիք լինի, որ նախագահը գնա քարոզարշավային հանդիպումների»։
Հարցին, թե գո՞հ է «այո»-ի քարոզից, Արմեն Աշոտյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ ամբողջ ծավալով ընթանում են կազմակերպչական աշխատանքները Հանրապետական կուսակցության «այո»-ի շտաբի հետ կապված։ Գիտեք, որ նմանատիպ շտաբեր ձևավորել են նաև այլ քաղաքական ուժեր, նաև համագործակցության և հստակեցումների՝ գործընկերային սկզբունքի վրա հստակեցումների խնդիր կա նաև այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես «այո» են քարոզելու։ Ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, քարոզչությունը լինելու է բովանդակային, նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց քաղաքացիական ընտրությունը հանրաքվեի օրը»։
Դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող «ոչ»-ի ճակատը դեկտեմբերի 1-ին պատրաստվում է անհնազանդության ակցիաներ իրականացնել, Աշոտյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել գործադիր մարմնի նիստում, որովհետև այն կուսակցական գործառույթներից դուրս է։
«Ակնհայտ է մեկ բան, որ «ոչ»-ի ճակատը ուժեղացնում է և լեգիտիմացնում է «այո»-ն։ Մնացած գործողությունները, որոնք պլանավորում են մեր գործընկերները, պետք է բացարձակապես համապատասխան և համադրելի լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Եթե չլինի «ոչ»-ը, «այո»-ի կշիռը, արժեքը, «այո» հասկացությունը բավականաչափ կխամրեր, լեգիտիմացնում է «ոչ»-ի ճակատը, «ոչ»-ի գոյությունը՝ իր գոյությամբ։ «Ոչ»-ի ճակատը միայն այդ մարդիկ չեն, «ոչ»-ը կարծեք թե ավելի խայտաբղետ է ու տարաբնույթ, քան «այո»-ն, և որքանով ես գիտեմ՝ «այո»-ի համագործակցության աստիճանը գոնե այսօր «ոչ»-ի տարբեր ճակատների միջև գոյություն չունի», - ասաց իշխող կուսակցության փոխնախագահը։