Օմբուդսմենը հայտնում է դատապարտյալների հացադուլի հիմնական պատճառները

Կարեն Անդրեասյան, արխիվ

Հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ երեկվա հանդիպումից հետո մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարություն է տարածել համակարգային այն խնդիրների վերաբերյալ, որոնք, նրա փոխանցմամբ, դատապարտյալների` հացադուլ հայտարարելու հիմնական պատճառներն են:

Մարդու իրավունքների պաշտպանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրած հայտարարությունում մասնավորապես ասում է, որ պատշաճ կարգով չի իրականացվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ինչի հետևանքով դատապարտյալները դժգոհում են, որ «նույնանման հանգամանքներում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, և օրենքը միատեսակ չի գործում»:

«Օրենսդրությամբ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովին միջնորդագրեր ներկայացնելը, ըստ օրենքի, հայեցողական է և պարտադիր բնույթ չի կրում: Բացի այդ, միջնորդագրեր չներկայացնելը չի պատճառաբանվում, ինչն էլ դատապարտյալների շրջանում առաջացնում է դժգոհություններ», - ասված է հայտարարությունում:

Օմբուդսմենը նշում է, որ կալանավայրերում իրականացվող առանձին աշխատանքները, մասնավորապես՝ ազատազրկվածների բնութագրեր տալը, պատշաճ չեն կատարվում: «Ըստ դատապարտյալների, բնութագրեր տալու գործում էական դեր ունեցող հոգեբանը լավագույն դեպքում տարեկան 1-2 անգամ է այցելում իրենց և հաճախ առանց հանդիպելու կամ անձին պատշաճ ծանոթանալու տրամադրում է համապատասխան եզրակացություն դատապարտյալի վարքագծի և ուղղման ընթացքի վերաբերյալ», - գրում է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նշված աշխատանքների անարդյունավետությունը պայմանավորված է իրավական դաշտի ոչ լիարժեք կարգավորմամբ, «երբ չկան դատապարտյալների վարքի, կրկնահանցագործություն կատարելու ռիսկի գնահատման հստակ չափորոշիչներ, ինչպես նաև անձնակազմի որակական ու քանակական անբավարարությամբ՝ մեկ հոգեբանը սպասարկում է մի քանի հարյուր դատապարտյալի, մինչդեռ, միջազգային պրակտիկայում սահմանված է առավելագույնը 20-25 հոգի»։

«Հաշվի առնելով համակարգում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակը՝ արդարադատության նախարարությանն առաջարկում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտը հրատապ կարգավորելու և բարձրացված խնդիրները հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:

Անդրեասյանը նաև կոչով դիմում է հացադուլավորներին. - «Մտահոգված լինելով հացադուլ հայտարարած անձանց առողջական խնդիրների հետագա հնարավոր բարդացումներով` խնդրում ենք դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` հույս ունենալով, որ համապատասխան մարմինները և հանրությունը հասկացել են խնդրի լրջությունը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»: