Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորներին


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, արխիվ

Արդեն երկու ժամ է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած աշխատանքային խումբը։

Օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Կարեն Անդրեասյանն անձամբ հանդիպել է բոլոր հացադուլավորներին ու առանձնազրույց ունեցել նրանց հետ։

Հիշեցնենք, 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դեռ հոկտեմբերի վերջին անժամկետ հացադուլ հայտարարեց, երբ անկախ հանձնաժողովը մերժեց նրան վաղաժամ ազատ արձակելու դիմումը։ Ավետիսյանի բողոքին միացան նաև այլ դատապարտյալներ։ Ավետիսյանը հացադուլի մասին դիմումի մեջ պահանջել էր հանդիպում մարդու իրավունքների պաշտպանի հետ։

«Կարեն Անդրեասյանը հենց առաջին օրը ներկայացուցիչներ ուղարկեց։ Մեր գրասենյակից արդեն երկու անգամ հանդիպել են հացադուլավորների հետ, իսկ այսօր օմբուդսմենն անձամբ է այցելել նրանց։ Հանդիպումները դեռ շարունակվում են, այլ մանրամասների դեռ չեմ տիրապետում», - ասաց Դանիելյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այս պահի դրությամբ հացադուլավորների թիվն ութն է։ Դիտարկմանը, թե մամուլն արդեն գրում է տասը հացադուլավորի մասին, Ղլեչյանն այսպես արձագանքեց. - «Այս պահի դրությամբ ութն են, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել. երեքն առանձնացված են, հինգը ընդհանուր խցում են»։

Նշենք, որ հացադուլավորները բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG