Ոստիկանից ապտակ ստացած 67-ամյա ցուցարարն «արդարադատության հույս» չունի

Հակոբ Նազարի Դեխնավին, արխիվ:

«Ազատության» հետ զրույցում Հակոբ Նազարի Դեխնավին փոխանցեց, որ տեսախցիկների առջև բռնություն գործադրած ոստիկանին մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել:

Ամիսներ առաջ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ապտակ ստացած 67-ամյա Հակոբ Նազարի Դեխնավին արդարադատության հույս չունի։

«Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ անցած երկու ամսում երեք անգամ կանչվել է հարցաքննության, դատաբժշկական փորձաքննության է մասնակցել, սակայն տեսախցիկների առջև բռնություն գործադրած ոստիկանին մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել․ - «Ինքը ընդունեց, որ հարվածել է, և հավելեց, որ իբր թե ինքը վատ հոգեկան վիճակում է եղել: Եվ իմ հարցը սա էր՝ վատ հոգեկան վիճակի՞ էիր՝ գժի թուղթ բերեիր: Բայց եթե նույն վիճակի էիր, ինչո՞ւ էիր աշխատանքի: Եվ ինքը ասում ա՝ ինձ բերեցին էդ վիճակի տվյալ երեխաները»:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանապետը դադարեցրեց ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի լիազորությունները, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց կատարվածի համար։ Մինչդեռ թե՛ Հակոբ Նազարին և թե՛ նրա աջակիցները պահանջում են օրենքով նախատեսված պատիժ՝ կանխելու հետագա բռնությունները․ - «Քննիչին ասել եմ՝ ինչո՞ւ իրեն չես ձերբակալում: Ինքը արդեն արտահայտվել ա, որ նման հանցագործություն ա արել, համապատասխան հոդվածներում երեք տարի ա նախատեսվում: Ստեղ արդեն կասկած չի կարող լինել, որ ինքը, եթե հանցագործություն ա արել, պտի հիմի նստած լինի: Իսկ քննիչը ասում ա՝ ինքը ելքեր է փնտրում, իբր թե կարողանա տակից դուրս գա, որ նման բան չի արել։ Ի՞նչ է նշանակում՝ ելքեր է փնտրում․․․ հանցագործին դու հնարավորություն ես տալիս ելքեր փնտրելու, որ տակից դուրս գա՞»:

«Ազատության» հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունը նշել է, որ հարուցված քրեական գործով անհապաղ իրականացվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները, և որ նշանակված փորձաքննությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ստացվել: Այլ մանրամասներ, նախաքննության գաղտնիությունից ելնելով, ծառայությունը չի հաղորդում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, կասկածում է, որ այս գործով իսկապես անհապաղ քայլեր են ձեռնարկվել․ - «Մի ոստիկան ա ընդամենը: Մի խումբ ոստիկաններ չեն: Եվ այդ ոստիկանը բոլորին հայտնի ա․․․ Կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը լուրջ խնդրի առջև է կանգնած, և իր գործողությունը ցույց է տալիս, որ ինքը այնքան էլ հակված չի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննություն կատարելու: Որովհետև առնվազն բավարար էր ժամանակը ոստիկանին որպես մեղադրյալ ներգրավելու»:

Քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու մեղադրանքով այս տարի որևէ ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել։