Հայաստանից ավտոբուսով Ռուսաստան մեկնողները հիմնականում օգտվում են արտոնագիր չունեցող ընկերություններից:
Համենայնդեպս, այս պահին Տրանսպորտի նախարարության կողմից կանոնավոր ուղևորափոխադրման լիցենզիա ունի միայն երկու ընկերություն, որոնք նախարարության կողմից պարտադիր տեխնիկական զննություն են անցնում, պարտավոր են ունենալ երկու երկրների կողմից կնքված համաձայնագիր և կոնկրետ կանգառներով նշված հստակ երթուղի:
Մյուսները աշխատում են որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ. այս դեպքում պարտավոր են ունենալ միայն ուղևորների ցանկը, նրանք չեն լիցենզավորվում, հետևաբար՝ վերահսկողություն էլ որպես այդպիսին չկա:
Տրանսպորտի փոխնախարար Արամ Արսենյանն «Ազատության» հետ զրույցում ընդունեց՝ ընթացակարգը հեշտացված է, բայց նաև պնդեց՝ ուզում են խստացնել:
«Ոչ կանոնավորի համար մենք հիմա լիցենզիա հասկացողությունը հանել ենք, տոմսն է և ուղևորների անվանացանկը։ Մենք ուզում ենք հիմա փոխել կարգը, ոչ կանոնավորների համար մի քիչ խստացնենք։ Ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, մեզ մոտ շատ հեշտացված է»,- ասաց փոխնախարարը։
Երեկ Ռուսաստանում վթարի ենթարկված «Կինգ Դելյուքս» ընկերության ավտոբուսը ևս աշխատել է որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրող, թեպետ ընկերությունը դրան զուգահեռ նաև ավելի թանկ տոմսերով կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում:
«Վթարված ավտոբուսը համապատասխան տեխնիկական զննում անցե՞լ էր, կա՞ն դրա մասին վկայող փաստաթղթերը»,- «Ազատության» հարցին ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը պատասխանեց՝ ոչ, չկա այդպիսի փաստաթուղթ տրամադրող կազմակերպություն:
«Ո՞վ է այդ փաստաթուղթը տալիս, ասենք՝ դուրս է գալիս, ո՞վ է տալիս։ Կոնկրետ իմ գարաժից դուրս է գալիս, դուք կարող եք գնալ, տեսնել՝ որտեղ են էդ մեքենաները սարքվում և ճանապարհ ընկնում։ Ե՞ս ինձ փաստաթուղթ տամ, որ էդ մեքենան սարքին է։ Ուղևորները ընկերության հետ պայմանագիր չեն կնքում»,- հայտնեց Հարությունյանը։
Չլիցենզավորված ավտոբուսներից օգտվող ուղևորները կարող են պայմանագիր կնքել փոխադրող ընկերության հետ՝ նշելով իրենց ակնկալիքները, ասենք՝ սանիտարական հիգիենիկ վիճակ ավտոբուսի սրահում, անվտանգ երթևեկություն և այլն: Այդ պահանջները կընդունի արդյոք լիցենզավորվածից ավելի էժան սպասարկող չարտոնված ընկերությունը՝ թողնված է սպասարկողի հայեցողությանը:
Լրագրող Հակոբ Կարապետյանը երկու անգամ է առնչվել է այս խնդրին: Երկու անգամ էլ տոմս որպես այդպիսին չի եղել՝ ուղղակի վճարել ու գնացել է: Ավելին՝ գերծանրաբեռնված ավտոբուսը պայմանավորվածից երկու ժամ ուշացել է:
«Ղափանից եկավ 2 ժամ ուշացումով, գերբեռնված միկրոավտոբուս, վերևը և նստատեղի տակերը ինչքան հնարավոր անցք կար՝ ուղեբեռ էր դրված։ Ուղեգրի մեջ գրվեց 20 հոգի, բայց ճանապարհին ավտոբուսին սպասում էին նորանոր ուղևորներ»,- պատմեց լրագրողը։
Արտոնագիր չունեցող ընկերության վթարի դեպքում ֆինանսական փոխհատուցման հարցն էլ է օդից կախված մնում:
Ռաֆիկ և Կարինե Գասպարյանների դուստրը երեկ վթարված ավտոբուսի ուղևորներից մեկն է, բժիշկները վիճակը բավարար են գնահատել: Ասում են, որ տարիներ շարունակ Ռուսաստան են գնում «Կինգ Դելյուքս»-ի ավտոբուսներով, թեև պայմանագիր երբևէ չեն կնքել։
«Չէ, պայմանագիր չենք կնքել, հենց տոմսը վերցնում ենք, նստում ու գնում ենք։ Ապահովագրություն, նման բաներ չկան»,- ասաց Ռաֆիկ Գասպարյանը։
Այն, որ ավտոբուսի տոմսը համարվում է պայմանագիր, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը որակում է ծուղակ ուղևորի համար: Քանի՞սը գիտեն դրա մասին, քանի՞սը կմտնեն դրանով դատարան, վթարի դեպքում ինչպե՞ս կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կտրվեն միայն այն դեպքում, երբ համատարած բոլոր ուղևորափոխադրողները լիցենզավորվեն։
«Ուղղակի բարդել քաղաքացու իրավագիտակցության վրա չի կարելի։ Իրականում եթե մենք լուրջ իրավագիտակցություն ունենանք, կհասկանանք, որ որևէ օրենքով լիարժեք պաշտպանված չենք, որովհետև մի օրենքը մեզ է պաշտպանում, մյուսը՝ տնտեսվարողին։ Հիմա խորհուրդ-հորդոր՝ թող գնան դատարան, բայց հետո՞... պարտադիր բոլորը պետք է լիցենզավորվեն»,- ասաց Պիպոյանը։