Մատչելիության հղումներ

«Կինգ Դելյուքս»-ի սեփականատերը բացառում է ավտոբուսի անսարքությունը որպես վթարի պատճառ


Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.
Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.

Նրա խոսքով, բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում։

Մոսկվա - Երևան ավտուբուսի երթուղին շուրջ 5 տարի իրականացնող «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը պնդում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը պատրաստված է եղել։

«Կինգ Դելյուքսի» ավտոբուսների սպասարկման կենտրոնը Երևանում, 3-ը նոյեմբերի, 2015թ
«Կինգ Դելյուքսի» ավտոբուսների սպասարկման կենտրոնը Երևանում, 3-ը նոյեմբերի, 2015թ

Հարությունյանի խոսքով, մոտավորապես տասը ավտոբուս կա այդ գծում: Պնդեց նաև, որ իր աշխատակիցներն անսարք մեքենայով երբեք ճանապարհ չեն ընկնում․ - «Բացառում եմ ավտոբուսի տեխնիկական խնդիրը, որովհետև բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում։ Իսկ եթե թերություն է լինում, թույլ չենք տալիս երթուղի դուրս գալ։ Իսկ եթե ճանապարհին մեքենան խնդիր է ունենում, վարորդը մեքենան կանգնեցնում է, զանգում է, մենք փոխարինող ենք ուղարկում»:

«Այսօր մենակ իմ սրտին ցավ ա մի բան, որ դժբախտ դեպք տեղի ունեցավ», - հավելեց նա:

Արթուր Հարությունյանը առայժմ չգիտի, թե արդյոք ընկերությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի տուժածների ու զոհվածների ընտանիքներին:

Իսկ ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արամ Արսենյանը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք նախարարությունը լիազորված է ծառայողական քննություն նշանակել կամ տույժ-տուգանք սահմանել, պատասխանեց, թե դեռ վաղ է դրա մասին խոսել:

Վթարից տուժածներից 43-ամյա Գոհարը, հոր փոխանցմամբ, ոչինչ չի հիշում․ - «Ասում ա՝ պապ ջան, մենք չենք զգացել, թե ինչ ա կատարվել մեզ հետ: Մինչև ուշքի եմ եկել, տեսել եմ՝ գետնի վրա, երկու հոգի էլ՝ ինձ վրա»:

Ճշտված տվյալներով՝ 61 ուղևոր տեղափոխող վթարի ենթարկված ավտոբուսի ղեկին եղել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Գառնիկ Հարությունյանը։ Նրա հայրը՝ Նորիկ Հարությունյանը «Ազատությանն» ասաց, որ դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։ Հարությունյանի խոսքով, «Կինգ Դելյուքս»-ից դեռ իրենց որևէ տեղեկություն չեն փոխանցել որդու գտնվելու կամ առողջական վիճակի մասին։

Նրա պնդմամբ՝ որդին ուշադիր վարորդ է, քնկոտ չէ։ «Ինչքանով որ ես հիշում եմ, տղես ասում էր, որ էս մեքենան մի ամիս է Ռուսաստանում վերանորոգվում է՝ մատոռի կառոբկան էր հավաքվում։ Կարծում եմ, որ չէր կարող դեպքը պատահել որդուս անփութության հետևանքով», - ասաց Հարությունյանի հայրը։

Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի երկրորդ վարորդ Բագրատ Հովակիմյանի կինը՝ Արմինե Այվազյանն ասաց, որ որևէ տեղեկություն ամուսնուց չունի, ամուսնու հեռախոսն անջատված է, իսկ վթարի մասին իմացել է հեռուստատեսությունից։ Նա ևս ընդգծեց իր ամուսնու ուշադիր վարորդ լինելու փաստը, և որ ընկերությունը տարիներ շարունակ նրանից որևէ դժգոհություն չի ունեցել։

XS
SM
MD
LG