Ռուսաստանը «չի միջամտի Հայաստան - ԵՄ բանակցություններին»

Գունար Վիգանդը Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին: Երևան, 4-ը նոյեմբերի, 2015 թ․

Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի բաժնի ղեկավար Գունար Վիգանդը Երևանում մասնակցում է Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին, որի համանախագահներն են ինքն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան - Եվրամիություն բանակցություններին, որովհետև Հայաստանը խորհրդակցություններ է անցկացնում Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ: Նույնը արել է Ղազախստանը, որի հետ մենք բանակցում ենք համաձայնագիր կնքելու նպատակով: Բնական է, որ երկրները պարտավոր են հաշվի առնել այն հանձնառությունները, որոնք արդեն ստանձնել են: Մենք կա՛մ-կա՛մ իրավիճակում չենք», - նշեց Վիգանդը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մոտ մեկ ամիս առաջ լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Սպասվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև տարեվերջ:

Բրյուսելի հետ նախորդ համաձայնագիրը, որը նաև նախատեսում էր կողմերի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում, Հայաստանն այդպես էլ չստորագրեց՝ անդամակցելով Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

Գունար Վիգանդը չցանկացավ հստակ նշել, թե երբ կստորագրվի նոր համաձայնագիրը Հայաստանի ու Եվրամիության միջև․ - «Հիշում եմ, երբ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսեցինք, մեզ տալիս էին այս հարցը՝ ե՞րբ եք ստորագրելու փաստաթուղթը: Նախորդ բանակցությունները տևեցին երեքուկես տարի, որից հետո մենք չստորագրեցինք համաձայնագիրը: Ուստի այս անգամ մենք ցանկանում ենք բանակցել ու ստորագրել փաստաթուղթը: Լավ չէ, երբ բանակցողն ասում է, թե երբ կստորագրվի փաստաթուղթը: Մենք չենք ցանկանում բախվել վերջնաժամկետի»:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, նոր համաձայնագրում, ըստ էության, պահպանվելու են դեռևս Ասոցացման համաձայնագրից մնացած քաղաքական պայմանավորվածությունները, այլ իրավիճակ է տնտեսական ոլորտում․ - ««Ունենալու ենք շատ կարևոր փաստաթուղթ, որովհետև այն ընդգրկելու է շատ լայն շրջանակ: Չեմ կարծում, թե նշանակալից փոփոխություներ կլինեն արտաքին, ներքին քաղաքականությունների, նույնիսկ տնտեսական, ոլորտային համագործակցության մասերում, սակայն այլ մոտեցում է լինելու առևտրի ու ներդրումների հարցերին, որովհետև սա արտոնություններ տվող համաձայնագիր չէ: Մենք հարգում ենք այն ընտրությունը, որ արել է Հայաստանը՝ անդամակցելով ԵՏՄ-ին»:

Կոմիտեի նիստին Վիգանդը հայտարարեց, թե քննարկելու են նաև Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր՝ ներառյալ առաջիկայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Լրագրողների հարցին՝ ընդդիմությունը վստահ է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են․ եթե հանրաքվեն չհամապատասխանի միջազգային չափանիշներին, այն կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ Հայաստան - Եվրամիություն առաջիկա բանակցությունների վրա, Գունար Վիգանդը պատասխանեց․ - «Հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, և այդ չափանիշները հայտնի են՝ դրանք ԵԱՀԿ չափանիշներն են: Մենք չէ, որ պետք է խոսենք այդ հանրաքվեի հետ կապված սպասումների մասին: Մենք կարող ենք արձագանքել միայն այն ժամանակ, երբ հանրաքվեն կայացած կլինի: Մեր տրամադրության տակ է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը ներկայացրել է իր մեկնաբանությունները նախագահական հանրապետությունից խորհրդարանական հանրապետության անցում կատարելու վերաբերյալ: Այս հարցի հետ կապված մենք չենք կարող մեկնաբանություն տալ․ Եվրամիությունում կան նախագահական կառավարման ձևով հանրապետություններ, ինչպես նաև խորհրդարանական հանրապետություններ: Կան նաև երկրներ, որոնք հանրապետություններ չեն, սակայն ժողովրդավարական երկրներ են: Կարևոր է՝ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները իրենց հետ բերելու են ավելի կայուն, ժողովրդավարական մի վիճակ, արդյո՞ք կպահպանվեն հիմնարար ազատությունները»: