Վթարի հետևանքով զոհվածների աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը

Ռուսաստան, Տուլայի մարզ - Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների աճյունները վաղը հատուկ չվերթով կտեղափոխվեն Երևան:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:

Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը, որի ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Վթարից անմիջապես հետո Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը, ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցությունից հետո Բեգլարյանն ու Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին:

Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հայաստանի նախագահին և վարչապետին: Նա երեկ վաղ առավոտից անմիջական կապի մեջ էր Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, իսկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։