Վաղը Վիեննայում կկայանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրիի հանդիպումը։ Նրանց կմիանան նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Ադել ալ-Ջուբեիրը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Բանակցությունների ժամանակ կողմերը կքննարկեն Սիրիայի ճգնաժամը։ Ակնկալվում է, որ Լավրովը գործընկերներին որոշ մանրամասներ կհայտնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մոսկովյան այցից։
Թուրքիան և Սաուդիան Արաբիան ամենակոշտ դիրքորոշումն ունեն Ասադի նկատմամբ և համարում են, որ կարգավորումը Սիրիայում հնարավոր է միայն նրա հեռանալուց հետո։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, բանակցությունների նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Քերրին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Պուտին - Ասադ մոսկովյան բանակցությունների մանրամասները մինչ այս պահը հայտնի չեն։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Սպիտակ տունը, մինչդեռ, արդեն դատապարտել է այն ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերել է Մոսկվան։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը երեկ հայտարարել է, որ դատապարտում է այդ ընդունելությունը, և որ Պուտին - Ասադ մոսկովյան բանակցությունները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։
Հիշեցնենք՝ երեքշաբթի երեկոյան կարճատև այցով Մոսկվայում էր Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը։ Նա հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Ասադի առաջին այցն էր արտերկիր վերջին չորս տարիների ընթացքում։
Ասադի այցը Մոսկվա քննադատել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ «Լավ կլիներ, որ Ասադը մնար Մոսկվայում և չվերադառնար Սիրիա», - ասել է նա։