Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) 7 աշխատակից է ձերբակալվել ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով:
Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հատուկ քննչական խումբ է ստեղծվել: Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների խումբը, անցնելով ծառայողական պարտականությունների սահմանը, կատարել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցանքներ: Դատախազությունը տեղեկացնում է, որ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:
Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվել է Էլդար Մահմուդովը: Շրջանառվող վարկածների համաձայն՝ Մահմուդովին ազատելու պատճառը արդեն նախկին նախարարի ֆինանսական արկածախնդրությունն է:
Գլխավոր դատախազությունը եռօրյա լռությունից հետո այսօր հաստատում է ձերբակալությունների վերաբերյալ լուրը՝ առայժմ զերծ մնալով հրապարակել ձերբակալվածների անունները: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին նախարարության 11 ձերբակալված աշխատակիցների մասին:
Ադրբեջանի դատախազությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյոք ձերբակալվածների մեջ է նաև ազգային անվտանգության արդեն նախկին նախարար Էլդար Մահմուդովը:
Մինչ դատախազությունը շարունակում է օպերատիվ-քննչական գործողությունները՝ Իլհամ Ալիևի հրամանագրով ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով այժմ նաև նախարարի պաշտոնակատարն է: Նա մինչ այդ 4 տարի զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը, ավելի վաղ երկար տարիներ աշխատել է ներքին գործերի նախարարության տարբեր այլ ստորաբաժանումներում. գլխավորել է «Ինտերպոլի» ազգային բյուրոն, նաև կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Ալիևի հրամանագրով փոփոխություններ են տեղի ունեցել ազգային անվտանգության նախարարության կառուցվածքում: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դեռևս հայտնի չէ փոփոխությունների բովանդակությունը: