«Հայկական վերածնունդ» հասարակական - քաղաքական միավորման կառավարման խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ միաձայն վերահաստատել է, որ միավորումը «չի պաշտպանում» սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ արձանագրելով, որ միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել դրանում:
Իր տարածած հաղորդագրությունում միավորումը նաև նշում է, որ «Հայկական վերածնունդ»-ը, որը ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բևեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աշխատանքները»:
«Միևնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպությունների, շարժումների և միավորումների հետ», - ասված է հաղորդագրությունում։
Նիստում քննարկվել է հոկտեմբերի 21-22-ը Մադրիդում տեղի ունենալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցության հարցը, որը համագումարի ժամանակ ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի հասարակական - քաղաքական միավորման գործունեությունը և նպատակները:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը դեմ քվեարկեցին, մյուս երեք պատգամավորները՝ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը՝ ձեռնպահ։