Վարչապետը խոստանում է, որ բերքը չի մնալու դաշտում

Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ՝ այսօր Գյուղնախարարությունը ցուցահանդես էր կազմակերպել, որին նաև վարչապետն էր մասնակցում։

Վարչապետը հերթով մոտեցավ մարզերի ներկայացուցիչներին, Արմավիրի տաղավարի մոտ կանգ առավ` առատ բերքի կենացը խմելու համար։

Մարզային ճոխ սեղաններին մոտենալիս վարչապետը նաև հերաքրքրվում էր, թե լուծվել է արդյոք բերքի, հատկապես խաղողի մթերման հարցը։ Մարզպետները չէին բողոքում, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը անգամ պնդեց․ - «Թունելի վերջը լույս է երևում»:

Ձեռքբերումների մասին խոսեց նաև Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պնդելով, թե բոլոր մարզերում աճ է գրանցվել: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ և՛ գյուղացին է ավելի շատ բերք ստացել, և՛ գործարաններն են ավելի մթերել․ - «Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 40 հազար տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 21.4 տոկոսով: Իսկ պտղի մթերումների ծավալը գերազանցել է 17 հազար 500 տոննան, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 53.7 տոկոսով»:

Գյուղացիները, սակայն, պաշտոնական ցուցանիշները կասկածի տակ են դնում։ Մարզերում տրամադրությունն այս օրերին ամենևին տոնական չէ։ Գյուղացիները պարբերաբար բողոքի ցույցի են դւորս գալիս՝ բերքը մթերելու պահանջով: Անգամ ծայրահեղ քայլերի են դիմում։

Աղավնաձոր գյուղում նախօրեին ճանապարհ էին փակել՝ բողոքելով, որ խաղողն այգիներում է մնացել: Մարդիկ վախենում են աճեցրած բերքը հավաքել, քանի որ վստահ չեն, թե գործարաններն ընդունելու են։

Գյուղապետ Աշոտ Գալստյանը երեկ այդպես էլ համագյուղացիներին չկարողացավ համոզել, թե հարցը շուտով կարգավորվելու է։

«Գալստյան, էս տարվա նման սոսկալի տարի չկա։ Սրանից սարսափելի ի՞նչ է լինում, ասեք էլի, ի՞նչ է լինում սրանից սարսափելի, երբ որ էս ժամանակ խաղող հլը չի պոկվել», - ասում էր վրդովված գյուղացիներից մեկը:

Գյուղում երկու փոքր գործարան կա, սակայն, դրանք ևս խաղող չեն ընդունում։ Աղավնաձորի 2000 տոննա բերքը պահանջարկ չունի։

«Առատությունը ոչ մի կապ չունի գնային: Սա պետության չաշխատելու, իրա աշխատանքի սխալ կազմակերպելու, չիմանալու, թե ով ինչ գործ պտի անի․․․ դրա համար էլ էս վիճակն ա», - ասաց գյուղացիներից մեկը:

Այս օրերին կառավարության կազմակերպած միջոցառումներին «Ազատության» հետ զրուցած գյուղացիները մասնակցել չէին ցանկանում․ - «Նրանց ընտրում ենք, հետո փնտրում, որ մեր խնդիրները լուծեն»։

«Ազատության» հարցին, թե արդյոք օրը տոնական է նաև գյուղացիների համար, որոնք գերթե ամեն օր ճանապարհ են փակում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․ - «Ձեր ձևակերպումների հետ համաձայն չեմ, որ ամեն օր ճանապարհ են փակում: Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով ոչ մի հարց չի լուծվում: Մի քանի անգամ մենք խոսել ենք այդ մասին, որ այս տարի ունենք առատ բերք: Եվ ունենք այս տարի իրացման նվազում, և դրա համար նաև վերամշակող գործարաններն ունեցել են խնդիրներ: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, և կրկին ուզում եմ արձանագրել, որ առատ բերքը չի մնալու դաշտում: Կառավարությունը 7 միլիարդ դրամ հատկացրել է Կենտրոնական բանկին, որը կհասնի դրամով՝ ութ տոկոսով: Իմ կարծիքով, դա աջակցության քայլեր է և աջակցություն կոնկրետ գյուղացուն»: