Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի բնակիչները բողոքում են. բերքը դաշտերում է մնացել


Նրանք նախօրեին փակել էին ճանապարհը։

Գյուղատնտեսության աշխատողի առաջիկա օրվան ընդառաջ՝ այսօր գյուղնախարարությունը նախաձեռնել է «ArmProd EXPO» միջազգային ցուցահանդես, որին կհետևի «Հայագրոֆորում» համաժողովն ու տոնական համերգը։ Անգամ Չիլիից են մասնագետներ հրավիրվել գինեգործության թեմայով սեմինարին մասնակցելու համար։

Գյուղացիների տրամադրությունն այս օրերին, սակայն, ամենևին տոնական չէ։ Մարզերում գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են: Մթերքն իրացնել չկարողացող գյուղացիները անգամ ծայրահեղ քայլերի են դիմում՝ փակելով միջպետական ճանապարհները։

«Ինչ խնդիր ինքն ունի, նույնն էլ ես ունեմ, նույնն էլ ստեղ կանգնած լրիվն ունեն։ Մի հոգով չի, սաղն էլ նույն պրոբլեմն ունեն. լոբին է մնացել, փչանում է, չի ծախվում, վարունգն է, կաղամբն է, սոխն է, ամեն ինչը։ Սաղս էլ նույն դարդով տապակվում ենք։ Աշխատում է մարդը, բայց սոված է քնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Տևական ժամանակ է չի լուծվում նաև խաղողի մթերման խնդիրը։ Արմավիրցիներից ու արարատցիներից հետո հերթը Վայոց Ձորի բնակիչներինն է։ Նրանք էլ նախօրեին էին ճանապարհ փակել՝ բողոքելով՝ խաղողն այգիներում է մնացել, վախենում են հավաքել, քանի որ վստահ չեն, թե գործարաններն ընդունելու են։

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը երեկ այդպես էլ համագյուղացիներին չկարողացավ համոզել, թե հարցը շուտով կարգավորվելու է։

«Գալստյան, էս տարվա նման սոսկալի տարի չկա։ Սրանից սարսափելի ի՞նչ է լինում, ասեք էլի, ի՞նչ է լինում սրանից սարսափելի, երբ որ էս ժամանակ խաղող հլը չի պոկվել», - հարցրեց գյուղացիներից մեկը գյուղապետին։ Գալստյանն էլ պատասխանեց, թե «մինչև հոկտեմբերի վերջ մթերում կլինի»։

Իշխանության կազմակերպած միջոցառումներին գյուղացիները մասնակցել չեն ցանկանում։ «Նրանց ընտրում ենք, հետո փնտրում, որ մեր խնդիրները լուծեն», - ասացին գյուղացիները՝ հավելելով. - «Ոչ կարում ես անասնապահությամբ զբաղվես, ոչ կարում ես խաղող մշակես, ոչ մի բան չեն թողնում։ Ամեն ինչը բարձրացնում-բարձրացնում, բայց գյուղացու աշխատողի մթերքը սարքում զիբիլ, կոպեկներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG