Ռուսաստանի օդուժն ակտիվացնում է ավիահարվածները Սիրիայում

Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ հարձակում է սկսել Հոմս նահանգի հյուսիսային շրջաններում: Մարդու իրավունքների Սիրիայի ուսումնասիրությունների կենտրոնը, որը հետևում է պատերազմական իրավիճակին, հաղորդում է, որ ռազմական գործողություններին սիրիական բանակի զինվորների հետ մասնակցում են «Հըզբոլայի» զինյալները, որոնք, ենթադրաբար, Սիրիա են մտել Լիբանանից:

Հոկտեմբերի 13-ին պաշտոնապես հայտարարվել է, որ 24 ժամվա ընթացքում 88 ավիահարված է հասցվել: Մոսկվան պնդում է, որ հարվածների թիրախը «Իսլամական պետություն» խմբավորումն է, սակայն Վաշինգտոնը և ԱՄՆ-ի դաշնակիցները պնդում են, որ ռուսական օդուժը հարվածում է Արևմուտքի աջակցությունը վայելող ապստամբների խմբերին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականները շփումների մեջ են՝ պատահական միջադեպերից խուսափելու համար, քանի որ երկու կողմների օդանավերն էլ մարտական առաջադրանքներ են կատարում Սիրիայի տարածքում:

Երեկ Սպիտակ տունը մերժել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Միացյալ Նահանգներ ուղարկել վարչապետ Դիմիտրի Մեդվեդևին՝ Սիրիայում ռազմական համագործակցության հարցերը քննարկելու համար:

«Մենք հետաքրքրված չենք, քանի դեռ Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական ներդրում ունենալ մեր առաջարկներին ընդառաջ», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնսթը՝ հավելելով, որ Մոսկվան սեփական օրակարգն ունի: Իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ը մերժում է երկխոսության առաջարկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի հարցում ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մեջ: