Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում այսօր առավոտյան երկու ական է ընկել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին փոխանցել է Սիրիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար Էլդար Կուրբանովը։
«Այո, դեսպանատան տարածքում երկու ական է ընկել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան», - ասել է Կուրբանովը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Սիրիայի իշխանության աջակիցները հավաքվել էին Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ՝ շնորհակալություն հայտնելու Մոսկվային երկրում ռազմական գործողությունների համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ահաբեկչական է որակել հարձակումը:
Սեկտեմբերի 20-ին էլ Ռուսաստանի դեսպանատան վրա կրակել էին ականանետերից։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կրակն արձակվել է Ջոբար թաղամասից, որտեղ հաստատվել են հակակառավարական ուժերը։