ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեն, մասնավորապես, տեղեկացնում է, որ նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ 2006 թվականի հունիսին Սեդրակ Զատիկյանի սպանությունը դրդելուն մասնակցություն է ունեցել քաղաքացի Ն. Խաչատրյանը։ Վերջինս Ս. Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Ա. Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել` պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:
«Ա. Առուշանյանը, ընդունելով Սեդրակ Զատիկյանին գումարի դիմաց սպանելու պատվերը, 2006 թվականի հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Ա. Հովհաննիսյանի և Լ. Ղևոնդյանի օժանդակությամբ, Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների հատման խաչմերուկում, 1992 թվականից ապօրինի ձեռք բերած և այդ պահին կրած, հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Սեդրակ Զատիկյանի վարած «Մերսեդես Բենց G-55» մակնիշի «10 ՏՏ 045» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա։ Արդյունքում՝ ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են: Սպանությունից հետո Ա. Առուշանյանը Ն. Խաչատրյանից և Ս. Հակոբյանից, վերջիններիս ընկերոջ միջոցով, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում ստացել է սպանության դիմաց խոստացված գումարի մի մասը, իսկ մնացած մասը չի ստացել՝ հետագայում ունեցած տարաձայնությունների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։
Ն. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2007 թվականի հուլիսի 9-ին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է 8 տարի անց՝ 2015 թվականի մայիսին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Մյուս 4 մեղադրյալների մասով քրեական գործերը դատարան են ուղարկվել ավելի վաղ, և կայացվել է մեղադրական դատավճիռ: