Իրավապահները զբաղվում են Զուրաբյանի հայտարարությամբ

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Հայաստանի Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք, Լևոն Զուրաբյանը ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին մեղադրեց Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ՝ մասնավորապես ասելով. - «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, և մենք փաստեր էլ ունենք, Դաշնակցությունը, որ մի անգամ խորհրդարանական հանրապետությունը վերածելով դիկտատուրայի` կործանեց հայոց պետականությունը, և այլ քաղաքական ուժերը, որոնցից մեկին ծեծելով, մեկին՝ կաշառելով, մեկին՝ գայթակղելով ինչ-ինչ քաղաքական հեռանկարներով բերել են այս ճամբար»։

Նույն օրը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսպես հակադարձեց Զուրաբյանին. - «Ես շանտաժներին պատասխան չեմ տալիս և ցավում եմ, որ այդ անձեռնմխելիության ինստիտուտը մտած է, և պատգամավորը կարող է հանիրավի մեղադրանքներ առաջադրել նման ճանաչված կառույցների ու մնալ անպատիժ, անպատասխան»։