Էլինար Վարդանյանին հեռացնում են ԲՀԿ-ից

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը, վերին շարքում ձախից առաջինը՝ Էլինար Վարդանյան, արխիվ

Կուսակցության քաղխորհուրդը թերևս կհաստատի տարածքային կազմակերպության որոշումը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Կենտրոն» տարածքային կառույցը միաձայն որոշել է կուսակցությունից հեռացնել պատգամավոր Էլինար Վարդանյանին։

Տարածքային խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ հարցը վերջին մի քանի ամիսներին պարբերաբար քննարկել են։ Որոշումը առաջիկա օրերին պետք է հաստատվի նաև կուսակցության քաղխորհրդի կողմից, որի անդամներն արդեն հայտարարում են, որ սատարում են Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու որոշումը։

Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ քաղխորհրդի կազմում հիմնականում խորհրդարանական խմբակցության անդամներն են.- «Խմբակցությունում գերակշռող մասը ավելի կտրուկ և չոր գործողությունների կողմնակից են եղել»։

Թեև կուսակցությունում մեկը մյուսի հետ չեն կապում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հանդեպ վերաբերմունքը բացահայտ փոխվեց այն բանից հետո, երբ երկու պատգամավորները, չենթարկվելով խմբակցության դիրքորոշմանը, բոյկոտեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քվեարկությունը։ Այսօր արդեն ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի մասին խոսելիս նրանց «նախկին գործընկերներ» էր անվանում։

«Չգիտես ինչու կարևորում են հասարակության կամ ժողովրդի կարծիքը ավելի շատ, քան իրանց ֆրակցիայինը՝ ցուցադրելով, որ կարող է պատահի ԲՀԿ ֆրակցիան ունի հակաժողովրդական դիրքորոշում։ Դա ընդունելի չէ ինչպես անձամբ ինձ, այնպես էլ շատ-շատ մարդկանց համար»,- ասաց Բաբայանը։

Երեկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ՝ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը հեռացվել են միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակություններից. պաշտոնապես պատճառաբանվում է՝ մի քանի ամիս խմբակցության աշխատանքներին չեն մասնակցել։ Չնայած դրան այսօր Էլինար Վարդանյանը ԱԺ պատվիրակության կազմում մեկնել է Նորվեգիա՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու։

Մինչ այդ՝ երեկ «Ազատության» հետ զրույցում Վարդանյանը պնդում էր, որ կուսակիցների հետ փայլուն հարաբերություններ ունի և միակ տարաձայնությունը սահմանադրական բարեփոխումներն են եղել։

«Ես կարծում եմ, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ սոցիալ-տնտեսական և այլ բազմաթիվ խնդիրները պայմանավորված չեն գործող Սահմանադրությամբ, և մենք պարզապես խնդիր ունենք օր առաջ լուծելու իմ թվարկած խնդիրը։ Սահմանադրական փոփոխությունները չէ, որ այսօր ունեն հասարակական պահանջ»,- ասել էր պատգամավորը։

Վարդանյանը ոչ միայն հրապարակավ կասկածի տակ էր դրել Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտությունը, այլև այցելել փոփոխությունների դեմ ցույցից ոստիկանություն տարված ակտիվիստներին։ Մեզ հետ զրույցում անգամ չէր բացառել «Ոչ»-ի ճակատին միանալու հնարավորությունը։

Ի դեպ, ԲՀԿ-ում քննարկում են նաև Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին ԱԺ հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հարցը։ Եթե նման որոշում կայացվի, խմբակցությունը պետք է հարցը խորհրդարանի լիագումար նիստ բերի։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակայանի խոսքով՝ օրենքով նման հնարավորություն խմբակցությունը ունի.- «Եվ այդ նախաձեռնությունն էլ քննարկվում է Ազգային ժողովում ընդհանուր քննարկման հիմունքներով»։

ԲՀԿ-ականները այսօր պնդում էին, որ եթե գործընկերները համաձայն չեն սահմանադրական բարեփոխումներին կողմ լինելու իրենց դիրքորոշման հետ, ապա պետք է իրենք որոշեն խմբակցությունում մնալու նպատակահարմարությունը։ Օրենքով Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը խմբակցությունից կարող են դուրս գալ միայն մեկ դեպքում՝ եթե վայր դնեն պատգամավորական մանդատը։