Սահմանադրության նախագծին կողմ քվեարկած ընդդիմադիրները բացատրում են իրենց դիրքորոշումը

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն էլ բացատրում է իր դեմ քվեարկությունը։

Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած Ալեքսանդր Արզումանյանն ասում է՝ չէր կարող սկզբունքներին դեմ գնալ. խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ՀՀՇ ծրագրային դրույթներից է, նաև՝ «Ժառանգության» նախընտրական խոստումը։ Արզումանյանը 2012-ին պատգամավոր է դարձել ընդդիմադիր այդ ուժի համամասնական ցուցակով։

«Ես ողջունել եմ հայեցակարգը, ես քննադատել եմ բուն տեքստը, որում եղել են բազմաթիվ վիճահարույց հարցեր։ Դրանցից զգալի մասը ընդունվել է»,- ասաց նա։

Արզումանյանը չի կիսում տեսակետը, թե Սահմանադրությունը փոփոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Վերարտադրվելու կարճագույն ճանապարհը, կարծում է, գործող Սահմանադրությունն է.- «Ինձ Սերժ Սարգսյանի ճակատագիրը չի հետաքրքրում։ Ուզում է դաշտում մնալ, կկեղծի խորհրդարանական ընտրությունները, կունենա մեծամասնություն, կդառնա վարչապետ։ Եվ այս Սահմանադրությունը թույլ է տալիս հաջորդ նախագահին՝ թեկուզ և ընդդիմությունից, դարձնել ժողովրդի ասած կուռկուռի ձագ»։

Նախկին արտգործնախարարը կարծում է՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը եվրոպական ժողովրդավարություն կառուցելու և Ռուսաստանի բռնապետությունից ազատվելու հնարավորություն է։

«Երեք դիկտատոր ԵՏՄ-ում հավաքվում են, իրենք իրենց միջև հարցեր են քննարկում, հետո դա պարտադրում են իրենց ժողովուրդներին։ Այն վարչապետը, որը ներկայացնելու է Հայաստանը, ստիպված է լինելու գալ Հայաստան, Ազգային ժողովի հետ խորհրդակցի, բաց քննարկում անի, որից հետո նոր ինչ-որ թեմայով համաձայնություն տա»,- ասաց Արզումանյանը։

Արզումանյանը ոչ «այո»-ն, ոչ էլ «ոչ»-ը քարոզելու մտադրություն չունի.- «Մենք ի՞նչ գործ ունենք դրա հետ։ Կանցնի՝ մենք գոհ կլինենք, չի անցնի՝ շատ լավ... թող անեն, իշխանափոխություն են անում՝ թող անեն։ Եթե ինձ ցույց տան, որ իրենք հնարավորություն ունեն իշխանափոխության, ես հենց վաղը փողոցում կողքները կլինեմ։ Բայց սա հերթական անգամ ժողովրդին հիասթափեցնելու մեթոդ է»։

Լյուդմիլա Սարգսյանըընդդիմադիր ՀԱԿ խմբակցության՝ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած միակ պատգամավորն էր։ «Երբ ժողովրդի դատին ներկայացվում է մի Սահմանադրություն, որը, ըստ էության, տեսանելի է, որ հասնելու է հանրաքվեի, իսկ դա արդեն իսկ տեսանելի է, իսկ «Ոչ»-ի շարժումը դեռ կայացման փուլում է, և չգիտենք՝ ուր կհասնի, էդ դեպքում ինչպե՞ս կարող ես անտարբեր նստել և չփորձել ինչ-որ կերպ բարեփոխել այն, ինչ ներկայացված է»,- ասաց նա։

Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ուժին Սերժ Սարգսյանը նաև սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների հրավիրեց։ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած կուսակցապետն ընդունեց հրավերը։ Ասաց՝ ՀԱԿ-ի հետ հակամարտելու նպատակ չի ունեցել, քաղաքական անկախության ձգտումն այդպես է ընկալվել։

«Դժբախտաբար, ՀԱԿ-ը չցանկացավ ճանաչել Վերակազմյալ ՍԴՀԿ-ն։ Հավանաբար էդպես ավելի հարմար էր իրենց, և ըստ էության՝ քաղաքական գործընթացից մեզ դուրս էին հրավիրում։ Ստացվեց, որ իշխանությունը ճանաչեց»։

Սարգսյանը հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելուն դեմ չէ.- «Վատ չէր լինի, եթե ունենայինք տեղ։ Ես դեմ չեմ, եթե ունենանք։ Բայց նման ոչ մի երաշխիք ոչ մեկը չունի, ես՝ առավել ևս, որովհետև դրա շուրջ ոչ մեկի ոչ մի բան չի խոսվել»։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Սահմանադրության փոփոխություններին դեմ քվեարկած տասը պատգամավորներից է.- «Ստացվեց այնպես, որ երկուսս դեմ քվեարկեցինք, երեքը՝ ձեռնպահ, ինչը դարձյալ դեմի դաշտում է»։

Բիշարյանն ասաց՝ աշխատել են մասնագիտական հանձնաժողովի հետ, բայց արդյունքից գոհ չեն մնացել, վերարտադրության վտանգներ են տեսնում.- «Մեկ մարդու վրա երեք կոստյում են հագցնում։ Մտածում ես, որ երևի թե ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը կամ նախագահը չեն կարող որևէ հարց որոշել, պարզապես այն քաղաքական մեծամասնությունը, որը կլինի, նրա ղեկավարը կորոշի ամեն ինչ՝ նույնիսկ գրասենյակից, ինչու չէ, այն, ինչը մենք տեսել ենք ՍՄԿԿ տարիներին, ինչի մասին այսօր խոսել է երկրի երկրորդ նախագահը»։

Բիշարյանն ասաց՝ «Ոչ»-ի քարոզարշավին մասնակցելու են։