Բեյրութից Հայաստան եկած Մանուկ Աղազարյանը երկու տարի է՝ Երևանի կենտրոնում կոշիկ է նորոգում: Օր կա՝ գործերը լավ են, օր էլ կա՝ ընդհանրապես մուրճի թխկթխկոցը դուրս չի գալիս արհեստանոց-կրպակից:
«12 տարեկանից կոշկակար եմ: 38 տարի է՝ կոշկակարություն եմ անում», - պատմում է վարպետ Մանուկը:
Ցույց տալով արտոնագիրը՝ վստահեցնում է՝ մաքուր է աշխատում:
«Ես հարկային իմ վճարումներս անում եմ՝ վճարում եմ ամեն ամիս 6500 դրամ», - պատմում է նա: Ասում է՝ ամսական ամենաշատը 60 հազար դրամ եկամուտ է ստանում: - «Ամենը օրվա հացի համար են աշխատում, այս գործի մեջը միլիոնատեր մեկը չի լինի», - հավելում է նա:
Փորձառու կոշկակարը լսել է խորհրդարանում այժմ շրջանառվող նախագծի մասին, որն ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կդրվի քվեարկության: Փաստաթուղթն առաջարկում է փոխել հարկման մեխանիզմը և սահմանել նաև տեղական հարկ, որը կհավաքեն համայնքները: Կոշկակար Մանուկն արդեն մտահոգված է՝ օրենքը թերևս չէին փոփոխի, եթե ավելի շատ հարկեր գանձելու նպատակ չհետապնդեին:
«Հազիվ յոլա ենք գնում, մեր ընտանիքներն ենք պահում: Եթե հարկերը ավելացնեն՝ ինչպե՞ս ապրենք: Ուրեմն մենք ստիպված պիտի թողենք գնանք: Ինչպես որ ստիպված թողեցինք գնացինք Հունաստանը, ստիպված թողեցի գնացի Բեյրութը, նորեն ստիված կթողեմ կգնամ Հայաստանը», - ասում է նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով դեմ է արտահայտվել այս օրինագծին, երբ այն վերջերս քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, վստահեցնում է՝ նախագիծը ոչ միայն ֆինանսական խնդիրներ կառաջացնի, այլև կավելացնի պետության անհարկի միջամտությունն ու ավելորդ վերահսկողությունը:
«Ավելորդ բեռ է դա՝ այդ բյուրոկրատական շփումները, քաշքշուկները: Եվ հենց իրենք էլ որոշելու են, թե ինչքան է այդ բեռը, այդ արտոնագրային վճարը: Չէ որ տարբեր են՝ գոտիներ կան: Հիմա եթե դու համայնքին ես պատվիրակում, իր ավագանին պիտի որոշի: Ես չեմ կարծում, որ հենց օրենքի փոփոխություն անենք, այդ կոշկակարները, կրկնուսույցները սկսելու են ինքնահայտարարագրվել, ասել՝ այ, ես պարապում եմ, խնդրեմ, համեցեք, եկեք: Կա՞ արդյոք այստեղ ստվերայնություն՝ իհարկե, կա: Բայց չէ որ այն, որ պետությունը պետք է ապահովեր համարժեք որակյալ աշխատատեղեր, դա չի արվում: Մարդը ինքն իրենով ստեղծել է դա, հիմա մենք ուզում ենք լրացուցիչ միջամտենք», - մեկնաբանում է Մելքումյանը:
Փաստաթղթի հեղինակը՝ Կառավարությունը, պնդում է, թե արտոնագրային հարկը տեղական հարկ դարձնելով հնարավորություն կստեղծվի կրճատել ստվերը, հարստացնել համայնքային բյուջեները: Այդուհանդերձ, և՛ պատգամավորը, և՛ արհեստավորները վստահ են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմաններում այս օրենքի կիրառման դեպքում կավելանան միայն գործազուրկներն ու կթանկանան ծառայությունները: