Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի փորձերը՝ դատարանի դահլիճում հարցաքննել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին դեռ հաջողության չեն հասնում:
Այսօր դատարանը ավարտեց բոլոր դատակոչված վկաների հարցաքննությունը, իսկ լրացուցիչ վկաներ ներգրավելու վերաբերյալ Փայլակ Հայրապետյանի միջնորդությանը որոշեց քննել արդեն դատաքննության ավարտական փուլում՝ բոլոր ապացույցները հետազոտելուց հետո: Չօգնեց Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանի դիտարկումը, թե նախկին վարչապետի և արքեպիսկոպոսի ցուցմունքները կարող են առանցքային ապացույցներ պարունակել:
Դատարանն այսօր հարցաքննեց վերջին վկային՝ ԱՄՆ-ի քաղաքացի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Արփի Բալյանին, ով շեշտեց՝ անվճար հիմունքներով խորհրդատվություն է տվել Աշոտ Սուքիսայանին, օգնել է անգլերեն թարգմանությունների հարցում: Վկան կտրուկ հերքեց Սուքիասյանի պնդումները, թե վարձատրվել է նրա կողմից, ասաց՝ օգնել է կարծելով, թե Սուքիասյանի ձեռնարկը կնպաստի Հայաստանի զարգացմանը: Սակայն վերջինիս հետ Կիպրոս մեկնելով՝ խիստ հիասթափվել է՝ հայտնաբերելով, որ գործարարը ոչ թե մեկ օֆշորային ընկերություն է գրանցում, այլ միանգամից երկուսը։ Ընդ որում երկրորդ ընկերության բաժնետերերի ցանկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի անուններն են:
Վկան ասաց՝ Նավասարդ Կճոյանի կապակցությամբ հարցեր չեն ծագել, քանի որ հաճախ է սրբազանին տեսել Սուքիասյանի տանը, սակայն Տիգրան Սարգսյանի անունը և անձնագրի պատճենը տեսնելն իրեն զարմացրել է, հարցրել է՝ արդյոք վարչապետը տեղյա՞կ է գործարքի մասին, Աշոտ Սուքիասյանը պատասխանել է, որ Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ:
Այդ դեպքում որտեղի՞ց վարչապետ Սարգսյանի անձնագրի պատճենը. վկա Արփի Բալյանն ասաց՝ հարցրել է, Սուքիասյանն էլ պատասխանել է, թե Կճոյանն է բերել:
Փայլակ Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ վստահ է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ եղել է գործարքների մասին, իսկ եթե անգամ Աշոտ Սուքիասյանն առանց վերջինիս գիտության է նրան բաժնետեր դարձրել, ապա Տիգրան Սարգսյանն շատ շուտով ամեն ինչ պիտի պարզեր, քանի որ բանկը գումարների շարժի ժամանակ ծանուցում է ընկերության բաժնետերերին:
«Ձեռնարկության 33 տոկոսի սեփականատերը ինքն էր [Տիգրան Սարգսյանը], եթե գումար է դուրս գալիս 5 միլիոն, ապա բանկը անպայման պիտի գրեր Աշոտին, Սարգսյանին, Կճոյանին, որ ձեր գումարներից էսքան գնացել է էստեղ, էնքանն՝ էնտեղ»,- ասաց նա։
Փայլակ Հայրապետյանն ասում է՝ ոչ թե Աշոտ Սուքիասյանին է վստահել, այլ կառավարությանը, քանի որ Աշոտ Սուքիասյանի ադամանդի հանքի մասին լսել է էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, կարծել է՝ պետական ծրագիր է:
«Բայց ես էնքան միամիտ էի, որ էդքան բանը չէի հասկանում, ես չէի հասկանում, որ կարող է վարչապետը, կարող է տերտերը, նախարարը խաբի»,- ասում է նա։
Իր ողջ ունեցվածքից զրկված Հայրապետյանը հավատում է՝ գալու օրը, երբ իրեն ունեզրկողները կպատժվեն.- «Մենք տեսնելու ենք էդ օրը, էդ օրը գալու է»։