Հայաստանի Ազգային Ժողովում այսօր հրավիրած ասուլիսում Կիպրոսի խորհրդարանի նախագահին ուղղված գրեթե բոլոր հարցերը վերաբերում էին օֆշորային սկանդալին, որի հետ կապված շրջանառվում է Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի անունը:
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականն իր հետաքննության միջոցով պարզել էր, որ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետերերից է: Ավելին, հենց այդ ընկերության օգնությամբ է յուրացվել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը:
Տիգրան Սարգսյանը պնդում է, թե տեղյակ չի եղել, որ իր անունով օֆշորում կազմակերպություն է գրանցվել: Այս առնչությամբ հարուցված քրեական գործում առայսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ներգրավվածության վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից որևէ հստակեցում չկա:
Հաշվի առնելով հենց այս հանգամանքը՝ հարց հնչեց, թե արդյո՞ք Կիպրոսի խորհրդարանի նախագահը տեղյակ է այդ սկանդալային պատմությունից:
«Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, այդ իսկ պատճառով չեմ կարող պատասխանել ձեր հարցին», - ասաց Յանակիս Օմիրուն:
Մեկ այլ հարց հնչեց, թե արդյոք կիպրական օրենսդրության համաձայն հնարավոր է օֆշորում ընկերություն գրանցել, առանց այդ անձի իմացության:
«Մենք Եվրամիության անդամ երկիր ենք և առաջնորդվում ենք եվրոպական օրենքներով: Եթե որևէ անձ ուզում է այդ ոլորտի հետ կապված որևէ պատասխան ստանալ, կարող է դիմել փաստաբանական գրասենյակներ, որոնք կաջակցեն այդ հարցերում», - ասաց Կիպրոսի խորհրդարանի նախագահը:
Սակայն նրա այս պատասխանն էլ չգոհացրեց հայաստանցի լրագրողներին, և հաջորդ հարցը հնչեց օֆշորից, մասնավորապես, Յանակիս Օմիրուին հարցրին՝ եթե իրենց երկրում վարչապետի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի անունը կապվեր օֆշորային սկանդալի հետ, արդյո՞ք այդ անձին հետագայում դիվանագիտական աստիճան կտային և դեսպան կնշանակեին:
«Համաձայն Կիպրոսի Սահմանադրության, բոլորը հավասար են օրենքի առջև, բայց այն հարցերը, որոնք դուք ինձ տալիս եք, ավելի շատ կապված են Հայաստանի ներքին քաղաքականության հետ: Ես չեմ գտնվում այստեղ ներքին քաղաքականության հարցերով զբաղվելու համար, դա կլիներ արարողակարգից դուրս», - կրկին կոնկրետ պատասխանից խուսափեց Յանակիս Օմիրուն:
Սակայն այս պատասխանից հետո էլ չփակվեց օֆշորի թեման, և հաջորդ հարցը հնչեց` «Հայաստանի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Կիպրոսի դատախազությանը՝ Հայաստանի նախկին վարչապետի անունով օֆշորում գրանցված ընկերության մասին: Արդյո՞ք այդ հարցումը ստացվել է և ի՞նչ պատասխան է տրվել»:
«Ես այդ հարցերի համար պատասխանատու չեմ, դատական համակարգն անկախ է Կիպրոսում, և եթե դիմել են գլխավոր դատախազին, ապա վստահ եմ, որ պատասխան կստացվի: Եթե դուք որևէ հարցում անեք, ապա դատախազությունը ձեզ անպայման կպատասխանի», - եզրափակեց Կիպրոսի խորհրդարանի նախագահը:
Նշենք, որ օֆշորային հարցերի այս տեղատարափը դուր չեկավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Նա հորդորեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին արժանապատիվ հարցեր տալ:
«Եթե հյուր է գալիս Հայաստան, նախ և առաջ հյուրի հալից, քեֆից ու իր պետությունից պետք է հարցնել», - հորդորեց Սահակյանը՝ հավելելով․ - «Սկզբից դրական հարցերը տվեք, դուք մտածում եք՝ բոլորը մեր ցավերով, դարդերով, էդպես ինֆորմացիան գնո՞ւմ է: Արժանապատիվ հարցեր տվեք»: