Ադրբեջանում «Ազատության» հերթական թղթակցին են հետապնդում

Ադրբեջանցի լրագրող Իսլամ Շիխալի, արխիվ

Ադրբեջանի իրավապահները խուզարկել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող լրագրողի բնակարանը՝ առգրավելով նրան պատկանող մասնագիտական սարքավորումները: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը միջադեպը գնահատում է «երկրի անկախ լրատվամիջոցների հետապնդման չդադարող արշավ»։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության համար աշխատող լրագրող Իսլամ Շիխալին սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ տանը չի եղել, երբ ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչը, տեսախցիկը, խոսափողը և բջջային հեռախոսը։ Ոստիկանությունը վերցրել է նաև նրա անձնագիրը և այլ անձնական փաստաթղթեր, սակայն ավելի ուշ վերադարձրել է դրանք:

«Ոստիկանությունը վերցրել է Շիխալիի մասնագիտական սարքավորումները: Մեզ մոտ տպավորություն է, որ ադրբեջանական ոստիկանությունը հետապնդում է նրան՝ լրագրության համար: Նրանք իրավունք չունեին առգրավելու նրա սարքավորումները: Դրանք պետք է անհապաղ վերադարձվեն, Շիխալիին պետք է թույլ տրվի աշխատել, և այս հետապնդումը պետք է դադարեցվի», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։

Շիխալին դատախազությունում հարցաքննվել է սեպտեմբերի 28-ին և ազատ արձակվել: Նա պատմել է, որ քննիչները հարցրել են Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի և իր ֆեյսբուքյան որոշ ընկերների մասին, ովքեր անկախ լրագրողներ են:

Խուզարկության ժամանակ ոստիկանությունը Շիխալիի հետ ապրող նրա ընկերոջը ցույց է տվել ծանուցագիր հարկերից խուսափելու կասկածանքի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը այս տարվա մայիսին պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում ՝ այն բանից հետո, երբ 2014 թվականի դեկտեմբերին երկրի իշխանությունները կասեցրեցին ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատանքը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հայրենիքում հայտնի է իբրև «Ռադիո Ազադլիգ», այնուամենայնիվ, շարունակում է թողարկել լուրեր և հաղորդումներ, չնայած գրասենյակի փակմանը՝ հեռարձակվում է թվային և արբանյակային միջոցներով։