ԼՂ ՊՆ․ Ադրբեջանը սեփական կորուստները վերագրել էր Ղարաբաղին

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

«Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին», - այսօր հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հայտնի է դարձել Ղարաբաղի Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների ձեռք բերած տվյալներից, «բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014)», ասված է հաղորդագրությունում:

«Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով», - նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ շարունակելով, ոչ «չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»:

Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ-17 (15 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Այդ զինատեսակներից բացի՝ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11արկ), նշում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների», - ասված է հաղորդագրությունում: