Դավիթ Բաբայան․ «Պատերազմի ժամանակ ողջ Ադրբեջանը դառնալու է թատերաբեմ»

Դավիթ Բաբայան, ԼՂ նախագահի խոսնակ, արխիվ

Ըստ ԼՂ նախագահի խոսնակի, «քանի ուշ չէ, նրանք պետք է խելքի գան, քանի որ սեփական պետության ճակատագիրն են վտանգում»:

Այսօր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խսոտորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները։

Երեկ, ինչպես արդեն հաղորդվել է, հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, արկակոծման է ենթարկել ԼՂ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը՝ ինչի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրերով զոհված զինվորները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով՝ «ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ վիրավորված զինվորները գտնվում են Ղարաբաղի հոսպիտալներում։ Նրանցից 4-ին արդեն տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական բաժնի աշխատակից Մուշեղ Աղեկյանի, նրանց վիճակը կայուն ծանր է։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայողներին։

Աղեկյանը նաև փոխանցեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում այս գիշեր հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հակառակորդի կողմից անկանոն կրակոցներ են արձակվել։

Նյու Յորքում նախօրեին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարություն են տարածել նաև միջնորդները։

Ըստ հայկական կողմի, այս ամենը, սակայն, չի խանգարում Ադրբեջանին՝ խախտելու հրադադարի ռեժիմը: Երևանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն առավել ակտիվանում է ղարաբաղյան հակամարտության հարցով միջազգային հանդիպումների, ինչպես նաև այդ խնդրի շուրջ հայտարարությունների տարածման ժամանակ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ունեցած իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին: «Հակառակորդը չի մարսի իր լկտի պահվածքը»,- ասել է նախագահն ու վստահեցրել, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ «հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի»:

Շարունակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեղադրել է միջազգային իրավունքի սկզբունքների ճանապարհից շեղվելու մեջ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ պատերազմական վիճակի տանող գործողություններից։ «Հակառակորդին չի հաջողվի հասնել իր նպատակներին»,- նշեց ԼՂ նախագահի խոսնակը:

«Քանի ուշ չէ, նրանք պետք է ուղղակի խելքները գլուխները հավաքեն, որովհետև պատերազմը որևէ մեկի համար, նորմալ մարդու համար, չի կարող լինել այլընտանք, հարցերի կարգավորման մի ձև: Նրանք պետք է հասկանան, որ մենք չենք ահաբեկվում, ընդհակառակը՝ իրենք պարզապես սեփական պետության ճակատագիրն են վտանգում, որովհետև պատերազմի ժամանակ ողջ Ադրբեջանը դառնալու է պատերազմի թատերաբեմ»,- ասաց Բաբայանը:

Նրա ընդգծմամբ, Ադրբեջանն արդեն սովորություն է դարձրել կարևոր հանդիպումներից առաջ և ընթացքում խախտել հրադադարի ռեժիմը՝ մեղադրելով նաև միջազգային կառույցներին։

«Այնպես են լկտիացել, որ նույնիսկ կարող են Եվրոպային, այլ պետություններին մեղադրել, դեմարշներ անել: Զինադադարի խախտումների նկատմամբ միջազգային հանրության մեղմ վերաբերմունքն է նաև բերում նրան, որ Ադրբեջանը վերջնականապես ֆաշիզմի գիրկն է ընկնում: Այդպիսի պետություններն ի վերջո կործանվում են»,- հավելեց ԼՂ նախագահի խոսնակը:

«Զինադադարի հաստատումից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ կիրառում է հաուբից հրանոթներ»,- այսօր հաղորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ երեկ և անցած գիշեր Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ, այսօր տարածած հաղորդագրությունում խստորեն դատապարտելով Ադրբեջանին, խոստանում է համարժեք միջոցներ կիրառել: «Հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»,- ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման միջնորդական առաքելության և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: