Կառավարության այսօրվա որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը:
Դա, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հնարավորություն կտա հստակեցնել Հայաստանի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. - «Նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում»:
Հիշեցնենք՝ գործող օրենսդրությամբ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման անցնելու վերջնաժամկետ էր սահմանված 2016 թվականի հունվարի 1-ը:
Օրերս տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացրեց, որ թվային հեռուստահեռարձակման անցնելու աշխատանքներն ավարտված են, և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը պատրաստվում է հունվարի 1-ին դադարեցնել անալոգային հեռարձակումը: