Մատչելիության հղումներ

Ավարտվել է անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացը


Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Այդ մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է:

Ըստ նախարարության, հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» և «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։

Ըստ նախարարության հաղորդագրության, մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել ինը, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։

«Նախկինում մեր միջին ցուցանիշը մարզային բնակավայրերում կազմում էր 3, 4 հեռուստածրագիր, այժմ մարզերում հեռարձակվում է ինը հեռուստածրագիր: Դրանք մշտապես հեռարձակվելու են անվճար և հասանելի են լինելու մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի գոտում սոցիալական փաթեթում ներառվել է 18 հեռուստածրագիր, այսինքն՝ բոլոր այն երևանյան հեռուստածրագրերը, որոնք գործել են նաև անալոգային հեռարձակման փուլում: Սա ծայրահեղ եզակի սոցիալական մոտեցում է»,- ասել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության (ՀՀՌՑ ՓԲԸ ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը ազդանշանը կդարձնի թվային, սակայն սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:

Թվային հեռուստահեռարձակման ներդրման հայեցակարգում նախատեսված է մարզային հեռուստաընկերության կարգավիճակ ունեցող հեռուստաընկերություններին ևս ներառել հանրային հեռարձակման ցանցի մեջ. յուրաքանչյուր մարզում հեռարձակվող ծրագրերի մեջ ներգրավված է նաև տվյալ մարզի մեկական մարզային հեռուստաընկերություն: Այս պահին օրենսդրորեն դեռևս բաց է մարզերի առանձին բնակավայրերում նախկինում գործող հեռուստաընկերությունների գործունեությունը թվային հեռարձակման ձևաչափում: Սակայն Ամալյանի խոսքով՝ քննարկվում են տարբեր մոտեցումներ, և պահպանվել է սկզբունքային դիրքորոշում՝ այդ հեռուստաընկերություններին հնարավորություն տալ շարունակելու իրենց գործունեությունը։

«Վերգետնյա թվային հեռարձակմամբ մենք ապահովել ենք հանրապետության տարածքի ավելի քան 98.5 տոկոսը, բայց դրանով հանդերձ չենք բացառում, որ նույնիսկ Երևանում կարող է լինել շենք, շինություն, որ չունի տեսանելիություն հեռուստաաշտարակին: Նման շինությունների համար միանշանակ հասանելի է արբանյակային ազդանշանը», - հավաստիացրել է Ամալյանը։

Գործող օրենսդրությամբ՝ անալոգային հեռուստահեռարձակման վերջնաժամկետը նախատեսված է 2016 թվականի հունվարի 1-ը:

«Մենք հունվարի 1-ին դադարեցնելու ենք անալոգային հեռարձակումը, եթե այլ իրավական ակտ կամ այլ իրավական մոտեցում մինչ այդ օրինականացված չլինի Հայաստանում: Կարծում եմ, քաղաքացիները սարքը ձեռք բերելու խնդրի լուծումը չպետք է թողնեն վերջին օրվան, որովհետև դա կարող է շուկայում առաջացնել ծանրաբեռնվածություն», - ասել է ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը։

«Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն իրականացնելու համար նախատեսված էր մոտ 7 միլիարդ դրամ: Իրականացվել է նախատեսվածից ավելի աշխատանք առանց լրացուցիչ ֆինանսավորման», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG