Եթե Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին իրական վտանգ սպառնա, կամ ռիսկ լինի, «առաջինը մեր կառույցը կլինի նրա կողքին», այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) - Զարուհի Փոստանջյան բանավեճը՝ օմբուդսմենը շարունակեց․ - «Ես դա ուզում եմ հատուկ հայտարարել և շեշտել, որ և՛ տիկին Փոստանջյանը, և՛ ցանկացած գործիչ, ով արտահայտում է ընդդիմադիր կարծիքներ, և եթե նրա նկատմամբ լինի իրական սպառնալիք, ես և մնացած բոլոր իրավապաշտպան կառույցները նրանց կողքին ենք»:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ԱԱԾ-ն կարող է մասնակցել հանրային բանավեճերի և քննարկումների:
Տվյալ դեպքում, սակայն, օմբուդսմենը չի կարծում, որ եղել է վտանգ ազգային անվտանգությանը կամ սահմանադրական կարգին: «Որովհետև այն հոդվածը, որը ակնարկվում էր Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ, ենթադրում եմ՝ վերաբերում էր սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնելուն», - նշեց Անդրեասյանը՝ հավելելով․ - «Ես վստահ եմ և այս պահին, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ տիկին Փոստանջյանի ելույթը որևէ իրական վտանգ չի ստեղծել սահմանադրական կարգի տապալման: Հետևաբար, անհանգստանալ և նրա նկատմամբ որևէ իրավական գործընթաց սկսելու կարիք չկա»:
Այդուհանդերձ, օմբուդսմենը համոզված է նաև, որ ԱԱԾ-ի հայտարարությունը «որևէ վտանգ չի ստեղծել տիկին Փոստանջյանի համար»: «Իրենք իրավունք ունեն հանրային բանավեճի մասնակցել, սա սահմանադրորեն արգելված չէ, իրենց մեթոդաբանությունը և գործիքակազմը նույնպես լայն է, և որևէ մեկը չի կարող ասել, որ նրանք Սահմանադրության էդ համապատասխան հոդվածը խախտել են հայտարարություն անելով», - պարզաբանեց Անդրեասյանը:
«Բայց, նորից եմ ասում, եթե որևէ իրավական կամ այլ գործընթաց սկսի տիկին Փոստանջյանի նկատմամբ այն մասով, որ նա, թերևս մի քիչ սադրիչ, մի քիչ էդպես գրգռող հայտարարություններ է արել, և դա ընկալվի որպես սահմանադրական կարգի տապալում, ապա դա կլինի իրավունքի և Սահմանադրության կոպիտ խախտում: Այս [ԱԱԾ-ի] հայտարարությունը կարող է քաղաքական իմաստով մտահոգիչ լինել, բայց ոչ՝ իրավական: Ինձ համար տվյալ դեպքում իրավական մտահոգիչ գործընթաց տեղի չի ունեցել», - ասաց օմբուդսմենը:
«Ազատության» հարցին էլ, թե դա ճնշում չէ՞ արդյոք ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, Կարեն Անդրեասյանը արձագանքեց․ - «Սա կարող է սառեցնող էֆեկտ ունենալ այն դեպքում, եթե իրավական գործընթացներ սկսել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ասում է՝ կա սառեցման վտանգ, այսինքն՝ չի կարելի ազատ խոսքը ոչ միայն խախտել, այլև սառեցնել: Բայց սա, իմ գնահատականով, դեռ այն սառեցումը չէ, այն վտանգավոր իրավական չափը անցնող ձևը չէ, որով կարող է ազատ խոսքը վնասվել: Սա հանրային բանավեճ է, որի մեջ մենք կարող ենք համաձայն լինել կամ չլինել այս կամ այն կողմի հետ»: