Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պատրաստ է «պատերազմել» Ազգային անվտանգության ծառայության հետ


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը սպառնալիք է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև հենց «Ժառանգություն» կուսակցությանը:

Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, նախօրեին տարածած հայտարարության մեջ նշել էր, թե Փոստանջյանի՝ ավելի վաղ հնչեցրած կոչերը «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին»:

Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում ունեցած իր ելույթում, մասնավորապես, նշել էր․ - «Պիտի տապալենք և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Հանրապետական կուսակցությունը, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ․․․ »:

«Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության հիշյալ հայտարարությանը, Փոստանջյանն այսօր ասաց․ - «Եթե նրանք այդպիսի համարձակություն ունեն՝ նորից ինձ հետ մտնեն նման տարածության մեջ, պատերազմի մեջ, ապա ես պատրաստ եմ պատերազմել իրենց հետ, և ե՛ս եմ իրենց կանչելու պատասխանատվության»:

Պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը սպառնալիք է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև հենց «Ժառանգություն» կուսակցությանը:

«Եթե նրանք արդեն հետապնդում են քաղաքական կուսակցության ներկայացուցչին իր արտահայտած դիրքորոշման համար, այն էլ այսպիսի վարկաբեկիչ բառերով, սա նշանակում է, որ ԱԱԾ-ը արդեն ոչ միայն ընդհատակյա է փորձում մարդկանց ահաբեկել»,- շարունակում է ընդդիմադիր պատգամավորը:

Առաջին անգամը չէ, որ Փոստանջյանն իրավապահների հետ խնդիրներ է ունենում․ դեռ որպես փաստաբան աշխատելու տարիներին էր նրան մեղադրանք առաջադրվել, իսկ ավելի ուշ՝ արդեն պատգամավոր Փոստանջյանի եղբայրն էր կալանավորվել․ - «Պապիկիցս սկսած՝ եղել են ԱԱԾ-ի զոհերը, նրանց նկատմամբ էլ է եղել հետապնդում »:

Պատգամավորը բազմիցս սպառնալիքներ է ստացել նաև հանրապետական գործընկերներից: Բայց անվտանգության ծառայության այս տեքստը, ըստ Փոստանջյանի, աննախադեպ է քաղաքական առումով: Նա պատահական չի համարում, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում երկու օրից Գյումրիում կայանալիք՝ «Ոչ»-ի ճակատի հանրահավաքից առաջ: «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես հեղափոխական վիճակ է»,- ասում է պատգամավորը:

Զորակցություն հայտնելով Զարուհի Փոստանջյանին՝ Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանը» իրավապահների հիշյալ հայտարարությունից ժամեր անց առցանց ստորագրահավաք սկսեց: Հարյուրավոր մարդիկ արդեն պատրաստակամություն են հայտնել բառացի կրկնել պատգամավորի հնչեցրած կոչերը:

Վարուժան Ավետիսյան․ - «Մեր ժողովրդի ներկայացուցիչները չեն վախենում այդ ստալինյան մնացորդից և կամավոր կերպով ստանձնում են այն նույն բեռը, որ եթե պետք է պատասխանատվության կանչեն Զարուհի Փոստանջյանին, ապա թող մեզ բոլորիս պատասխանատվության կանչեն, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»:

Ազգային անվտանգության ծառայությունը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման կոչերն էլ էր սադրիչ որակել: «Հիմնադիր խորհրդարան»-ի գնահատմամբ, Գորիկ Հակոբյանի գլխավորած կառույցի ձեռագիրը չի փոխվել․ ուղիղ սպառնալիքներ տալով ընդդիմադիր պատգամավորին՝ օգտագործել են «ապօրինի, լկտի ու վիրավորական ձևակերպումներ»:

«Իրականում դա նույն ԿԳԲ-ն է, ոչ մի բանով չի փոխվել և այժմ էլ դրա շատ աշխատասենյակներում, երևի նաև, պետք է որ այդպես լինի՝ տնօրենի աշխատասենյակում, Ձերժինսկու նկարը կախված է»,- ասում է «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչը:

Ինքը՝ հայտարարության հասցեատերը նույնիսկ զրպարտության հատկանիշներ չի տեսնում խորհրդարանի ամբիոնից հնչեցրած իր ելույթում, ասում է՝ հենց ԱԱԾ-ի պաշտոնական կայքից է օգտվել․ - «Իրենք են հենց տոնել 95-ամյակը, այսինքն՝ ներառել են իրենց պատմության մեջ, որ իրենք իրապես իրավահաջորդն են ՆԿՎԴ-ի և ԿԳԲ-ի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG